Լրահոս
Օրվա լրահոսը

Կոզակ. Մոսկվան տեսանելի ապագայում վիզային ռեժիմ կսահմանի ԱՊՀ պետությունների հետ. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 14,2014 18:00

Նախկին խորհրդային հանրապետությունների հետ վիզային ռեժիմի սահմանումը կնպաստի նաև Մոսկվայի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդմանը, ասում է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ռուսաստանը տեսանելի ապագայում վիզային ռեժիմ կսահմանի ԱՊՀ-ի պետությունների հետ: Այս մասին Россия 24 լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր զինակիցներից մեկը` փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

«Կարծում եմ, որ վիզաներն անխուսափելիորեն անհրաժեշտ են, քանի որ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակն աշխարհում շատ տարբեր է: Եթե մենք վիզային ռեժիմի օգնությամբ ի վիճակի չլինենք կարգավորել միգրացիոն հոսքերը, ապա հնարավոր չի լինի պաշտպանել երկիրը նաև ազգամիջյան հակամարտություններից», – նշեց Կոզակը:

Բարձրաստիճան ռուս պաշտոնյան, ի դեպ, իր այս հարցազրույցում խուսափում էր օգտագործել «ԱՊՀ-ի անդամ երկրներ» բառակապակցությունը` գերադասելով «հարակից պետություններ» ձևակերպումը:

«Եթե այդպես է ստացվել, որ մենք այլևս միասնական պետության կազմում չենք ապրում, ապա ամեն մի պետություն պետք է ապահովի իր սեփական ազգային շահերը», – ասաց Կոզակը` հատուկ ընդգծելով, որ մուտքի վիզաների ներդրումը սարերի հետևում չէ. – «Տեսանելի ապագայում վիզաները, այնուամենայնիվ, ի հայտ են գալու»։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների հետ վիզային ռեժիմի սահմանումը նպաստելու է նաև Մոսկվայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը:

«Մենք վաղուց արդեն բանակցություններ ենք վարում Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու շուրջ, և մեզ ներկայացվող պահանջներից մեկը հենց Ռուսաստանի Դաշնության արտաքին սահմանների ամրապնդումն է: Առանց [հարևանների հետ] վիզային ռեժիմ ներդնելու մենք հազիվ թե երբևիցե պայմանավորվենք եվրոպացիների հետ, որպեսզի ռուսաստանցիները կարողանան ազատորեն այցելել Եվրամիության երկրներ», – հայտարարեց Կոզակը։

Ընդհանրապես, այս հարցազրույցի ընթացքում ռուսաստանցի պաշտոնյան բավական ակտիվորեն մատնանշում էր հենց եվրոպական փորձը:

«Երբ հարևան մյուս պետությունները ևս սկսեն հավասարվել մեզ իրենց սոցիալ-տնտեսական ցուցանիշներով, անվտանգության ապահովման մակարդակը կլինի նույնը, ինչ մեզ մոտ է, գուցե այդ դեպքում այդ վիզաները վերանան, ինչպես այսօր Եվրոպայում է: Բայց սոցիալ-տնտեսական զարգացման ներկա մակարդակի պայմաններում մենք առանց վիզաների պարզապես չենք կարող: Սա է նաև պատճառը, որ այսօր վիզային ռեժիմ գոյություն ունի եվրոպական երկրների և Աֆրիկայի պետությունների միջև: Բայց անգամ դա չի փրկում եվրոպացիներին խոշոր տնտեսական կենտրոններում ներգաղթյալների կուտակումներից», – նշում էր Ռուսաստանի փոխվարչապետը:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031