Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների անդամ Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք ոտքի են հանելու ողջ ժողովրդին` ճանապարհ դնելու ներկայիս իշխանությանը:
Ազատամարտիկը նաև հավելեց. «Իսկական տղամարդը պետք է կանգնի Ազատության հրապարակում: Մեզ չի հետաքրքրում իշխանությունը, մեզ հետաքրքրում է այն, որ այս իշխանությանը ժողովուրդը ճանապարհ դնի»:
Aravot.am-ը հետաքրքրվեց`ի՞նչ կոնկրետ գործողություններով են պատրաստվում հասնել այդ արդյունքին: Ազատամարտիկը կոնկրետ գործողություններ այդպես էլ չնշեց, ուղղակի ասաց, թե դա կանեն այն գործողություններով, ինչ գործողություններ կպահանջեն ներկայիս իշխանությունները:
Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց` ազատամարտիկների միջոցով ժողովրդի` իշխանությանը ճանապարհ դնելու սցենարը հավանական համարո՞ւմ է: Նա, կարևորելով ազատամարտիկների հիմնախնդիրների լուծումը, պատասխանեց. «Չեմ պատկերացնում այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ազատամարտիկներին դա իրականացել: Բոլորիս համար ակնհայտ է, որ ազատամարտիկներն այսօր քաղաքական զարգացումների մեջ ընդամենը գործոններից մեկն են և իշխանափոխության իրականացման համար նման լծակներ չունեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ