«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը ակնկալում է, որ Սահմանադրական դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ չնայած օրենքն արդեն ուժի մեջ է մտել, սակայն դրա կիրառումը հնարավոր է կանխել. «Սահմանադրական դատարանի այս հանգրվանը շատ կարեւոր հատված է, երբ քաղաքացիները կպահանջեն կասեցում: Այս պարագայում շատ բան կախված է ոչ միայն կառավարության տրամադրվածությունից, այլեւ քաղաքացիների արտահայտման ձեւից, եւ ամսի 18-ը դրա հնարավորությունն է, որովհետեւ, եթե փողոց դուրս գան 10-20 հազար մարդ, ապա այդ հարցը կարող է զգալի առաջընթաց ապրել միայն նրա համար, որ հասարակական կարծիքն ասում է`իրենք դեմ են օրենքին: Բայց Սահմանադրական դատարանը վերջին հանգրվանը չէ, եւ պայքարը շարունակական է լինելու, անգամ դատարանի բացասական որոշումից հետո»:
Նախաձեռնության անդամի խոսքերով` եթե անգամ մի կողմ դնեն հասարակության անվստահությունը համակարգի նկատմամբ, եւ մի կողմ դնեն նաեւ այն հանգամանքը, որ դեռ ժամանակը չէ այս օրենքի, ինքն իրենով 3 կետերով հակասահմանադրական է. «Սեփականության իրավունքի սահմանափակման, տարիքային խտրականության, որովհետեւ պետությունը պարտադրում է այս շերտին պարտադիր, մյուսին չի պարտադրում, եւ 3-րդը` սրանով ակնհայտորեն բարդացնում է քաղաքացիների սոցիալական վիճակը: Նույնիսկ այնպիսի պետությունը, ինչպիսին Չիլին է, որտեղ այն ներդրվեց ավտորիտար համակարգի պայմաններում, պարտադիրի բաղադրիչը, ներդրվեց այն սերնդի վրա, որը նոր պետք է մտներ աշխատաշուկա եւ չարձանագրեց աշխատավարձի նվազեցում: Սա այն մինիմալ խնդիրն է, որ մեր կառավարությունը պետք է լուծեր, եւ չկարողացավ անել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ