Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ
– Պրն Հովհաննիսյան, նախորդ տարինին ԲՀԿ խմբակցությունը շատ մարտական ավարտեց: Դուք գոհ եք խորհրդարանում ԲՀԿ աշխատանքի որակից և արդյունքներից:
– Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ: Ես խմբակցության անդամներից մեկն եմ և միայն այդ կարգավիճակով ասեմ, որ ակտիվությունն ու աշխատանքի ծավալները բավարար չեն: Երբ ամեն օր սոցիալական տարբեր խմբեր իրենց բողոքի ձայն են բարձրացնում , երբ ամեն օր հասարակությանը մտահոգող մի նոր խնդիր է ծագում, երբ խնդիրները ծավալը և քանակը ոչ թե նվազում է, այլ օր օրի ավելանում` խմբակցության գործունեությունը չի կարող գոհացուցիչ լինել: Ասեմ ավելին` մեր պատգամավորների կողմից կառավարության հասցեին հաճախ հնչող կոշտ ձևակերպումներն ու գնահատականները նույնպես ինքնանպատակ չեն: Ես մեծ հաճույքով կպաշտպանեմ կառավարության նախագծերը,եթե նրանք ՀՀ քաղաքացիներին օգուտ կբերեն, մի հարց կլուծեն: Բայց իրականությունը, ցավոք, այլ է:
– Վերջերս ռուսաստանցի հայտնի միլիարդատեր, «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության նախագահ Միխայիլ Պրոխորովը իր քաղաքական ուժի կարգավիճակը բնորոշեց որպես այլընտրանք և տվեց այդ հասկացության ձևակերպումը: Բարգավաճ Հայաստանն նույնպես իրեն բնորոշել որպես այլընտրանք: Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ:
Կարդացեք նաև
– Նման բնորոշում ԲՀԿ-ն դրեց շրջանառության դեռևս երկու տարի առաջ: Ես Պրոխորովի ձևակերպումից ամենից շատ կառանձնացնեի ներկայի և ապագայի միջև կամուրջի անհրաժեշտության գաղափարը: Ես դեմ եմ, որ ԲՀԿ-ն գիշեր ցերեկ լալահառաչ ելույթերով`սրան նրան դավաճան, մատնիչ, կաշառակեր ու մարդասպան կոչի:Մենք նման բաներ շատ ենք տեսել, այդպիսի փրկիչները վերջում հաճախ հանգրվանում են իշխող կուսակցության խորհրդարանական ցուցակում: Ես կառաջարկեի դուրս գալ տեսական հարթությունից, ի վերջո դա չէ ամենակարևորը: Մեր երկրի տնտեսական ցուցանիշները գնալով վատանում են, մեր երկրում մոտ մեկ միլիոն մարդ աղքատության մեջ է ապրում, 120 հազարը` ծայրահեղ աղքատության մեջ: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթում են: Տնտեսությունը կաթվածահար վիճակում է, սահմանային գյուղերը դատարկվում են, փոքր ու միջին բիզնեսը մեռնում է աչքիդ առաջ: Սրանք են խնդիրները: Հուսալքությունն է խնդիրը, արտագաղթելու ուժգնացող ցանկությունն է խնդիրը: Հայաստանում գործնականում չկան օտարերկրյա ներդրումներ: Ով է մեղավորը. մենք կարող ենք ստել` ասելով նախորդները, նախորդների նախորդները, կամ գուցե հաջորդները: Բարգավաճ Հայաստանը հիմա ասում է` իրավիճակը գնահատենք սթափ, նկարված թվերով չխաբենք ինքներս մեզ, ընդունենք, որ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած ու միասին գտնենք լուծումները: Միմյանց անդադար մեղադրելու, կախելու, վիրավորելու զբաղմունքը անիմաստ գործ է, դրանից պետությունը և ժողովուրդը չեն շահելու:
– Ձեր ընդդիմախոսները կասեն` գայիք կոալիցիա և հարցերը միասին լուծեինք:
– Սրա պատասխանը հստակ է` եթե ԲՀԿ-ի նպատակը լիներ պաշտոնները, իշխանական լծակները և բյուջեից օգտվելու հնարավորությունը, ապա, իհարկե, պետք էր մտնել կոալիցիա: Բայց Գ. Ծառուկյանը և կուսակցությունը վերջին տարիներին իրենց գործունեությամբ ապացուցեին, որ նպատակները լրիվ այլ են: Ինչ իմաստ ունի գնալ վերցնել նախարարական պորտֆելներ, եթե չես կարողանալու իրագործել քո ծրագրերը, եթե դու դեմ ես իրականացվող տնտեսական քաղաքականությանը, եթե դու մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ ունես այլ մոտեցումներ, եթե մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ քո գնահատականները լրիվ ուրիշ են:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ