Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակտիվիստները ենթարկվում են քրեական հետապնդման

Հունվար 14,2014 14:44

Քաղաքապետարանի դիմաց ամիսներ շարունակ նստացույց արած ակտիվիստ Վահագն Մինասյանի դեմ ոստիկանության հաջորդ հայցը սեպտեմբերի 10-ին 11: 05-ի սահմաններում քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին է վերաբերում: Հիշեցնենք, որ ակտիվիստի դեմ ոստիկանության կենտրոնական վարչությունը ներկայացրել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու միանգամից երկու հայց:

Այսօր, այս գործով նախնական նիստին, ակտիվիստի պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրին, որ հայցվոր կողմը հայցադիմումն ամբողջությամբ իր կից նյութերով ներկայացնի իրենց: Իսկ նյութերին ծանոթանալու համար նրանք միջնորդեցին նիստը հետաձգել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, եւ հաջորդ նիստը կլինի մարտի 11-ին: Վահագն Մինասյանի պատմելով, սեպտեմբերի 10-ի առավոտյան ինքը մյուս ակտիվիստների հետ փորձել է մասնակցել ավագանու նիստին: Անձնագրերով փորձել են մտնել քաղաքապետարան, բայց ոստիկանները խոչընդոտել են նրանց, ոտնահարել իրենց իրավունքները. «Ավագանու բաց նիստ էր, բաց լինելու մասին նախօրոք հայտարարվել էր: Մեր իրավունքը իրացնելու համար չենք լսել ոստիկանի անօրինական պահանջը, էլի փորձել ենք ներս մտնել քաղաքապետարան: Ինչից հետո ուժի կիրառմամբ մի քանի հոգու, այդ թվում նաև ինձ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք»:

Պարոն Զեյնալյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Վահագն Մինասյանի դեմ պայքարում են ոչ թե վարչական այլ քրեական տիրույթում. «Անկախ նրանից, թե պետությունն ինչպես է անվանում այն հետապնդումը, որ իրականացրել է, եթե այն համապատասխանում է որոշ չափանիշների, ապա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով այն անվանվում է քրեական հետապնդում: Այս բոլոր գործերը իրենց հատկանիշներով համապատասխանում են քրեական հետապնդման ձեւակերպումներին: Սա քրեական հետապնդում է, իշխանությունների հետապնդումն է քաղաքացիական հասարակության, իրենց ազատություններն իրացնելու սահմանափակելուն ուղղված եւ եկել է փոխարինելու վարչական կալանքի ինստիտուտին, որը Հայաստանում կար մինչեւ 2005 թվականը»:

Այսօր նույն դատարանում քննվում էին նաեւ ակտիվիստներ Գոհար Սարոյանի եւ Դավիթ Գեւորգյանի դեմ ոստիկանության հայցերը՝ կրկին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Դատավոր Բաղդասարյանը դժգոհեց, որ Գոհար Սարոյանը դատական մի քանի նիստերից հետո Գերմանիայից նամակ է ուղարկել՝ ոչ միայն նիստերը հետաձգելու խնդրանքով, այլեւ նախնական նիստ նշանակելու պահանջով. «Այնինչ արդեն դատաքննության ենք անցել»,- նեղսրտեց դատավոր Բաղդասարյանը:

Իսկ Դավիթ Գեւորգյանի դեմ ոստիկանության հայցի վերաբերյալ պարոն Զեյնալյանը կրկին միջնորդեց հետաձգել՝ պնդելով, որ իր վստահորդը չի ծանուցվել պատշաճ: Դատարանի ծանուցումը հետ էր եկել՝ չի պահանջվել նշումով: Դատավորն էլ մի քանի անգամ պնդեց, որ հնարավոր է, նամակը փոստատարին են հանձնել՝ պարզապես չցանկանալով վերցնել:

Ակտիվիստի՝ ծանուցումը ստանալ-չստանալու վերաբերյալ երկար բանավեճից հետո դատարանը որոշեց բավարարել պարոն Զեյնալյանի միջնորդությունը՝ հետաձգեց դատական նիստը՝ զանցառուի՝ պատշաճ ծանուցում ստանալու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա կրկին մարտի 11-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031