Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 18-ին նախատեսվող հանրահավաքը մարդաշատ կլինի

Հունվար 14,2014 14:25

Ըստ Հայկակ Արշամյանի՝ «չորս կուսակցությունների համագործակցության շարունակականության հիմքեր կան»

Անցյալ շաբաթ խորհրդարանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, համատեղ խորհրդակցություն են անցկացրել, հունվարի 18-ին նրանք նախատեսում են անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչեւ ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: Կազմակերպիչները նշում են, որ հանրահավաքն անցկացվում է քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ` նրանց առաջարկով, եւ իրենք ընդունել են քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկը, որոշել են հանդես գալ համատեղ ուժերով:

Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ այն հակասահմանադրական է եւ հուսով են, որ իրենց պայքարը արդյունավետ կլինի: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան միջնորդություն է ներկայացվել օրենքի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ: ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի մինչեւ հունվարի 25-ը: Քաղաքացիական ակտիվիստները սպառնում են դիմել քաղաքացիական անհնազանդության` գործադուլների, փողոցներ փակելու եւ պայքարի այլ ձեւերի, եթե դատական այս ատյանը չբավարարի նրանց պահանջը:

Հունվարի 18-ին հանրահավաք կազմակերպող ուժերի ներկայացուցիչներն էլ հավաստիացնում են, թե քննարկել են համատեղ գործողությունների ծրագիր. սկզբում քննարկվել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ, այնուհետեւ առանձին` չորս քաղաքական ուժերի ձեւաչափով քննարկել են համատեղ գործողությունները:

Այսպիսով՝ խորհրդարանական չորս ուժերը նախանշել են հարցեր, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ: Համագործակցությունը՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի, արդյունք կտա՞, համագործակցությունը կարո՞ղ է շարունակական դառնալ, կա՞ն նախադրյալներ, որպեսզի այս չորս ուժերի համագործակցության հիմքերն ամրանան՝ «Առավոտը» այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ:

Պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ այս եւ նախորդ բոլոր վարչակարգերի բոլոր օրենքի նախագծերը, ընտրության արդյունքները եւ միջազգային պայմանագրերը Սահմանադրական դատարանի կողմից անվերապահորեն կնքվում են դրական եզրակացությամբ: «Հանրահավաքի առումով կարծում եմ, որ բավական մարդաշատ կլինի ինչպես կուսակցությունների ներգրավման, այնպես էլ խնդրի նկատմամբ երիտասարդության պահանջատիրության պատճառով: Մյուս կողմից՝ մի շարք մեծ բիզնեսներին արդեն իսկ պարտադրել են, որպեսզի իրենք փոխհատուցեն կենսաթոշակային վճարները, ինչպես դա հայտարարեց ՄՏՍ-ի տնօրեն Յերիկյանը, ինչն, իմիջիայլոց, գնահատում եմ որպես շատ բացասական քայլ, այն է՝ խոշոր բիզնեսի հարմարվողականություն ու ցանկացած իշխանության ծառայելու ու հաճոյանալու պատրաստակամություն: Չորս կուսակցությունների համագործակցության արդյունքն այս հարցում հնարավոր չէ գնահատել՝ ելնելով վերոնշյալից, բայց շարունակականության ու ավելի հաստատուն լինելու առումով կարծում եմ՝ բավական հիմքեր կան: Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյան vs Տիգրան Սարգսյան դեբատը հենց խոսում է նման համագործակցության հնարավորությունների մասին»,- նկատեց Հայկակ Արշամյանը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նախ նկատեց, որ եթե խորհրդարանական չորս ուժերի միջեւ համագործակցությունը կայանա, ապա ինքը դրական կվերաբերվի: «Առավոտ»-ը հարց ուղղեց նրան՝ իսկ այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքը մի՞թե այն հարցն է, որը կարող է հասարակական բողոքի մեծ ընդվզում առաջացնել: «Գազի հարցը չհամախմբեց հասարակությանը, որը, իմ կարծիքով, բոլոր խավերին վերաբերող հարց էր, մինչդեռ պարտադիր կուտակային կենսաթոշակայինի հարցը ավելի քիչ թվով խավի է վերաբերում, համաձայնեք, որ գազի խնդրից ավելի քիչ հատվածի է առնչվում: Գազի սակագների թեման հետագայում կարող է համախմբել, երբ արդեն մարդիկ ստիպված լինեն վճարել»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ խիստ կասկածում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքը կարող է հասարակական մեծ խմբերի համախմբման առիթ դառնալ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    4 կուՅսակցություն կոչեցյալ խեղկատակությունները ոչ մի բան էլ չի կազմակերպել: Հանրահավաք կազմակերպել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեմ պայքարող խումբը և այլ 4 կուՅսակցություններին հրավիրել է մասնակցելու: Իսկ մամուլը քանի օր է սխալ տեղեկություններ է հրապարակում: ԿԵՑՑԵՔ «հարգելի» լրատվամիջոցներ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031