Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոնավությունից Մարգարյան 29 շենքում մարդիկ են մահանում

Հունվար 14,2014 14:07

Կյանքի համար անհամատեղելի բնակարանային պայմաններում ապրելով՝ 36-ամյա Անաստասիա Թուլումջյանը մահացել է: Մարգարյան 29 հասցեում գտնվող շենքը, որտեղ բնակվել է Անաստասիան, մոր՝ Ամալյա Թուլումջյանի պատմելով՝ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ այնտեղ բնակվել այլեւս հնարավոր չէ։ Տիկին Թուլումջյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ հիմա էլ թոռնուհին է խոնավությունից ու ցրտից հիվանդացել եւ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում հաճախել դասերի։ Տիկին Ամալյան թոռնիկին տեղափոխել է այլ բնակարան, որպեսզի նույն դժբախտությունը չպատահի: Թուլումջյանները 2002 թվականից սկսած՝ բողոքներ են ներկայացնում կառավարություն, Երեւանի քաղաքապետարան, ՀՀ նախագահին: Մարգարյան 29 շենքը ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, սակայն բնակիչների բողոքների արդյունքում ամրացվել է եւ դարձել 3-րդ աստիճանի վթարային, սակայն ինչպես մեզ հետ զրույցում բնակիչներն են պնդում՝ բնակարաններում առկա խոնավության պատճառով այնտեղ բնակվելն անհնար է։ Ա. Թուլումջյանի խոսքերով՝ խոնավությունն այն աստիճանի է, որ գազի վառարանով անգամ հնարավոր չէ բնակարանը ջեռուցել՝ խոնավության աստիճանը թույլ չի տալիս։ Ըստ Ա. Թուլումջյանի՝ այդ պատճառով էլ մահացել է իր 36-ամյա դուստրը։ Ա. Թուլումջյանի պնդմամբ՝ դա ապացուցում է բժշկական եզրակացությունը։ Այժմ վտանգի տակ է 16-ամյա թոռնուհու առողջությունը: Տիկին Ամալյայի խոսքերով՝ նա ուսանողուհի է եւ առողջական խնդիրների պատճառով հաճախ է դասերից բացակայում:

«Առավոտի» հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը՝ «Հայսեյսմշին եւ ԿՊԳՀԻ» ՓԲ ընկերության մասնակցությամբ Մարգարյան փողոցի թիվ 29 շենքը զննել է 1994 թվականին եւ շենքերի կոնստրուկցիաների վնասվածության ընդհանուր աստիճանը գնահատված էր 4-րդ կարգի։ Ըստ քաղաքապետարանի՝ շենքում սկսվել էր բնակիչների վերաբնակեցման գործընթացը, սակայն հետագայում նոր կառուցվող շենքերի շինարարության դադարեցման պատճառով վերը նշված շենքում վերաբնակեցման աշխատանքները չեն շարունակվել. «Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի գրության հիման վրա 23.04.2003թ. «Հայսեյսմշին եւ ԿՊԳՀԻ» ՓԲ ընկերության կողմից նորից զննվել է շենքի տեխնիկական վիճակը, եւ 28.10.2003թ. տրված եզրակացության հիման վրա շենքի վնասվածության աստիճանը ճանաչվել է 3-րդ կարգի։ Երեւանի քաղաքապետարանի պատվերով 2006թ. Մարգարյան փողոցի 29 շենքում կատարվել են ամրացման աշխատանքներ, եւ «Հայսեյսմշին եւ ԿՊԳՀԻ» ՓԲ ընկերության կողմից 23.08.2007թ. տրված եզրակացության համաձայն՝ Մարգարյան փողոցի 29 շենքը ճանաչվել է 3-րդ կարգի վթարային, ինչի պարագայում շենքը ենթակա չէ քանդման եւ շենքում բնակվող ընտանիքները՝ վերաբնակեցման»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Մեզ հետ զրույցում, սակայն, շենքի բնակիչները վստահեցնում էին, որ շենքն ամրացնելով եւ 4-րդ կարգից 3-րդ կարգի վթարային դարձնելով՝ իրենց բնակարանային պայմանները ամենեւին էլ չեն բարելավվել, ընդհակառակը՝ օրեցօր մարդկանց առողջությունը քայքայվում է, բնակարաններն էլ՝ քանդվում:

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031