Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ կոկորդիլոսներն այնտեղ էժան են

Հունվար 14,2014 13:56

Էս Ֆեյսբուքը աշխարհի բոլոր ազգերից երեւի թե ամենամեծ օգուտը հայերին տվեց՝ երբ էինք այդքան միմյանց հետ շփվել մենք՝ սփռվածներս…

Ու շփումն այդ բուժիչ է: Բուժիչ է հիմնականում նրանց համար, ովքեր մեր վատ օրինակին չեն հետեւել ու Արարատի կողքին գտնվող տանը չեն մնացել: Ամանորի տոներին Էստոնիայում ապրող հայը մի քանի ժամ շարունակ ինձ համոզում էր, թե որքան վատ է ապրում, բայց ամենակարեւորը՝ որքան վատ է, որ ես չեմ հասկանում, որ ինքը այդքան վատ է ապրում: Երբ վերջում նույնիսկ ներողություն խնդրեցի, մտածեցի, որ այնուամենայնիվ լավ գործ եմ անում՝ առողջապահական… Իմ առողջությունից մի կտոր խլեց, բայց իր առողջության համար իմ ներողությունը հաստատ սպեղանի էր:

Ես ինքս դրսում ապրած մարդ եմ ու գնահատում եմ այդ աննկարագրելի հաճույքը, երբ Եվրոպայից սկսում ես համոզել հայաստանցուն, թե որքան դժբախտ ես: Չէ, չէ, նրա համար չես դժբախտ, որ հայրենիքից հեռու ես՝ այդ քաղցր դժբախտությունը մի այլ հաճույք է: Պարզապես ուզում ես համոզել հայաստանցուն, որ Եվրոպայում շատ վատ է: Դա արդարացում է՝ չեմ փախել իմ երկրից, որովհետեւ իմ երկրում շատ վատ է, իսկ ես ուզում եմ լավ ապրել: Ինքը՝ գնացողը շատ լավ գիտի, որ գնացել է միմիայն այդ պատճառով՝ լավ ապրելու հույսով: Ու բացարձակ ոչ մի վատ բան չկա դրանում՝ ողջ աշխարհը ուզում է ավելի լավ ապրել: Բայց հայաստանցու մոտ դա շարունակական ու չվերացող բարդույթ է՝ «Չէ, սուտ եք ասում, չեմ գնացել լավ ապրելու համար»…

Իմ կարծիքով՝ ոչ մի այլ ժողովրդի մոտ այդ բարդույթը չկա… Ու դրա համար հակադարձում են՝ այդքան տափակ բացատրություն միայն ձեր՝ աշխարհ չտեսած հայաստանցիների մտքով կարող էր անցնել: Գնացել եմ տառապելու: Որովհետեւ իսկական հայի համար երջանկությունը տառապելու մեջ է: Սխալ չհասկանաք՝ ոչ թե պիտի տառապես, որ ի վերջո հասնես երջանկությանը, այլ հենց տառապելու բուն գործընթացն է երջանկություն: Ու ամենակարեւորը՝ այդ տառապելու մասին հայաստանցիներին մանրամասն պատմելը:
Ի դեպ, առաջ օտար ափերում տառապելու մասին հայաստանցիներին պատմելը շատ ավելի հեշտ էր՝ խամ հայաստանցին ինչ էր հասկանում, որ իր ականջներին խմորից ինչ-որ ժապավեններ են կախում, որոնք չգիտեմ, թե հայերեն ինչպես են անվանվում, բայց ռուսերեն կոչվում են լապշա:

Հիմա հայաստանցին շատ ավելի աշխարհ տեսած է: Ու դրա պատճառով հայաստանցուն լացացնելը դառնում է շատ ավելի բարդ, բայց նաեւ շատ ավելի հետաքրքիր զբաղմունք:
Գեղեցիկ մերձբալթյան երկրում տառապող հային ասում եմ՝ ախր ձեզ մոտ միջին աշխատավարձը կազմում է 979 եվրո: Հատուկ չեմ կլորացնում, չեմ ասում՝ գրեթե 1000, որ այդ փոքր սխալի վրա չբռնացնի: Ասում է՝ որտեղից գիտես: Ասում եմ՝ Համաշխարհային բանկից: Համացանցով քմծիծաղ է տալիս՝ ուրեմն դու Համաշխարհային բանկին հավատո՞ւմ ես: Ասում եմ՝ հավատում եմ, որովհետեւ ինքը նաեւ տեղեկացնում է, որ Հայաստանում միջին աշխատավարձը էստոնականից մոտ 4 անգամ քիչ է՝ 250 եվրո, ու գիտեմ, որ մեզ մոտ հենց այդքան է: «Որտեղից գիտես, որ այդքան է»: Սա արդեն հարձակում է: Նկատեք, արդեն չի պատմում, թե ինչպես է ինքը գեղեցիկ բալթյան երկրում տառապում, արդեն մտնում է քո խաղադաշտ, սկսում է քեզ պատմել, թե դու ինքդ Հայաստանում ինչպես ես ապրում: Ինքը դա քեզնից լավ գիտի:

Արդեն անիմաստ է նրան համոզելը, որ ախր ձեր երկրում միջին աշխատավարձը 979 եվրո է, իսկ մեկ այլ եվրոպական երկրում, որտեղ ես եմ 10 տարուց ավելի ապրել, այդ նույն միջին աշխատավարձը նույն Համաշխարհային բանկի վերջին տվյալներով 963 եվրո է, այսինքն՝ ավելի քիչ, բայց մարդիկ լավ են ապրում: Համենայնդեպս այդքան չեն տառապում՝ երեկոյան բոլորը նստած իրենց թաղի էժան ռեստորաններում կնեդլիկ ու կլոբասա են ուտում՝ տեղական էժան գարեջրով: Որովհետեւ բոլոր հիմնական ապրանքների գները նույնն են, ինչ Հայաստանում, դեռ մի բան էլ ավելի ցածր: Բացի տրանսպորտից: Կներեք, նույնիսկ մարմնավաճառների սակագներն են նույնը: Պատկերացնում եք, ինչ օգուտ կունենար հայաստանյան յուրաքանչյուր ընտանիք, եթե տղամարդիկ մարմնավաճառներին նույն գինը վճարեին, բայց հինգ անգամ ավելի մեծ աշխատավարձ ստանային:
Այնտեղ, եվրոպական այդ երկրում, որտեղ ապրել եմ, տղայիս հետ նույն դասարանում էստոնացի մի շատ լավ տղա էր սովորում՝ Ռասմուսը, որն անընդհատ ասում էր՝ ուզում եմ գնալ հայրենիք, որովհետեւ այնտեղ վիճակն ավելի լավ է, քան այստեղ: Այո, սա փաստ է՝ նախկին խորհրդային որոշ երկրներ, որոնց հետ դեռ երեկ նույն ընտանիքում էինք, այսպես աննկատ եկան ու կենսամակարդակով անցան Եվրոպայի ամենակենտրոնում գտնվող երկրներից՝ չեխերից, հունգարացիներից, էլ չեմ ասում ռումինացիների եւ բուլղարացիների մասին:

Բայց չէ՝ պիտի անպայման տառապենք: Առանց տառապանքի կյանքը նույնիսկ Եվրոպայում մի տեսակ այն չէ: Մի տեսակ արդարացված չէ: Նույնիսկ մի տեսակ հայեցի չէ: Ամոթ է…

«Իսկ գիտեք, թե մեզ մոտ ինչ ցուրտ է»: Սա ինքն է ինձ ասում՝ բալթյան այդ երկրում բնակվող հայը: Ամանորին: Ինտերնետում փնտրում եմ՝ Թալինում՝ մինուս 20 աստիճան, Տալլինում՝ մինուս 4… Տառապում է…

Ավանդական հարցը էլ չեմ տալիս՝ եթե այդքան տառապում ես, ինչու չես վերադառնում: Գիտեմ՝ ինչ է ասելու… «Գամ ինչ անեմ»: Իրոք պատասխան չունեմ այդ հարցին: Չեմ հասկանում՝ մենք բոլորս այստեղ ինչ ենք անում: Ապրո՞ւմ ենք: Դուք սա ապրե՞լ եք համարում: Ավելի լավ է բոլորս գնանք մի եվրոպական երկիր գտնենք ու երեկոները հավաքվենք իրենց թաղի ռեստորանում հանգիստ նստենք ու մի լավ միասին տառապենք,… Մոտավորապես նույն բանն էլ այստեղ ենք անում….

Ու մեկ էլ ասում են՝ «Իսկ կոկորդիլոսները ձեզ մոտ էժան են»… Պատկերացնում եք՝ տարբեր հեռուստակայաններով այնքան են գովազդել դրան, որ այլ երկրներում ապրող… ներողություն, տառապող մեր հայրենակիցների մոտ շատ կայուն համոզմունք է ձեւավորվել, թե բոլոր հայաստանցիները սկսել են Նոր տարուն կոկորդիլոս ուտել: Դե արի ու դրանից հետո համոզիր բալթյան երկրում տառապողին, որ Համաշխարհային բանկը ճիշտ է ասում, երբ պնդում է, թե միջին հայաստանցու միջին աշխատավարձը 250 եվրոյի էլ չի հասնում: Իսկ կոկորդիլոսն արժե մոտավորապես այնքան, որքան բալթյան երկրում ապրող տառապողի միջին աշխատավարձն է… Բայց ստիպված առնում ենք…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Այս նյութի ներքո շատ են փորձում տրանսլիտով գրված ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ հրապարակել: Հիշեցնում ենք, որ մեր կայքում նման մեկնաբանություններ չեն հրապարակվում:

  2. Սարգիս says:

    Որովհետև այս նյութը սկզբից մինչևիսկ վերջ սուտ է։ ԷՍ խոսակցությանը մասնակցել եմ ես և Դուլյանը։ Ինչ որ գրված է բացարձակապես սուտ է։ Ինձ մոտ պահված են բոլոր մեր ղոսակցության նյութերը։ Իսկ դուք առանց լսելու երկրորդ զրուցակցին հրապարակում եք ապատեղեկատվություն։ Որը ես որակում եմ ոչ պրոֆեսիոնալ։ Դրանից հետո Դուլյանը չուզեցց անգամ ինձ լսել ու բացատրեր այս քայլը։ Վերցրեց ավելի հեշտ ճանապարհը և բլոկ արեց իմ պռոֆիլը ՖԲ-ից։
    Հուսով եմ գոնե սա կհրապարակեք. Ոչ մի անբարո արտահայտություն ինչ որ մեկին չեմ արել։ Ուղղակի ուզում եմ որ մարդիք իմանան ճշմարտություւնը։

  3. Սարգիս says:

    Մի բան էլ։ Եթե գտնում եք հարկը, ինձ հետ կարող եք կապնվել իմ մայլով

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031