Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին. «Ի՞նչ վերադառնալ, դեռ առաջիկայում ընտրություններ չկան»

Հունվար 14,2014 13:58

«Մեզ մոտ անգամ սուպերմարկետի բացումը մեկնաբանվում է՝ որպես աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը և վերադարձի հավանականությունները՝ այսպես արտահայտվեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, թե «ի՞նչ կապ ունի՝ ինչ էր ուզում ասել Քոչարյանը, հիմնականում նախկին նախագահները քննադատում են ներկայիս իշխանությանը, դա անում են ամբողջ աշխարհում»: Այնուհետև հիմնավորեց, թե Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ չի հարցազրույց տալիս: Նրա վերադարձի մասին հարցին, պարոն Իսկանդարյանն այսպես արտահայտվեց. «Ի՞նչ վերադառնալ, դեռ առաջիկայում ընտրություններ չկան, իսկ ես չեմ կարող հինգ տարվա կտրվածքով խոսել, կանխատեսումներ անել, ես հայ քաղաքական գործիչ չեմ, Նոստրադամուսը չեմ»:

Պարոն Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ-ում ոչ խորհրդարանում, ոչ էլ այլ տեղ լուրջ քաղաքականություն գոյություն չունի: Իսկ կուսակցությունների մասին ասաց. «ՀՀԿ-ն կարծես չինովնիկների պրոֆսոյուզ լինի, մյուս կուսակցությունները ինչ-որ հետաքրքրությունների շուրջ ձևավորված ակումբներ են»:

Մատնանշելով փողոցներում տեղի ունեցող 3000-անոց հասարակական ակցիաները, պարոն Իսկանդարյանը մտահոգություն հայտնեց, որ չկան լուրջ քաղաքական ուժեր, որ դրանք մոտիվացնեն:

Քոչարյան-Սարգսյան բանավեճում պարոն Իսկանդարյանը ամենակարևոր հանգամանքը համարեց Էդուարդ Շարմազանովի հանդես գալը ու շարունակեց. «Որևէ լուրջ բան չի սպառնում ՀՀԿ-ին, քանի որ քաղաքական գործիչները լուրջ գործողությունների են դիմում, երբ լուրջ վտանգ են զգում»:

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով նպաստո՞ւմ է ԲՀԿ-ին, պարոն Իսկանդարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ին չեմ վերաբերվում՝ որպես Ռոբերտ Քոչարյանի կուսակցություն, չնայած, իրոք, ԲՀԿ-ի ստեղծման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր ներդրումն ունեցել է: Բայց քաղաքական իրականությունը այդ տարիներից ի վեր շատ է փոխվել: Քոչարյանը ուղղակիորեն քաղաքականության մեջ չէ, բայց քաղաքական ուժ նա ունի, քանի որ տնօրինում է ֆինանսական ռեսուրսների»:

Պարոն Իսկանդարյանը կարծիք հայտնեց, թե «ԲՀԿ-ն ինքն իրեն բավական թուլացրել է, և եթե նույնիսկ ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորվի Քոչարյանի շուրջ, ոչինչ չի կարող փոխել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031