Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ուզում էին, որ ես լինեմ իրենց լրտեսը»

Հունվար 14,2014 13:57

Ազգությամբ քուրդ Մոհամադ Ասադը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից

Ազգությամբ քուրդ 56-ամյա Մուհամադ Ասո Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին: Երկար տեւող հանգստյան օրերը զարմացրել են նրան, կարեւոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում:

Պարոն Մոհամադը պատմում է, որ ծնվել է Իրաքում, սակայն քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայի իշխանություններից, որոշ ժամանակ ապրել է այնտեղ, հետո հանձնվել է Գերմանիային, այնուհետեւ գնացել է Ռուսաստան, սովորել է Սանկտ Պետերբուրգի Քրդական ակադեմիայում, հետո քաղաքական ապաստան է խնդրել Նիդեռլանդներից, բայց այստեղ նրան միայն մարդասիրական ապաստան են տվել:

Ասում է՝ Ռուսաստանի Դաշնությունից Նիդեռլանդներ էր գնացել, քանի որ վերջացել էր իր՝ այնտեղ մնալու ժամկետը, Մոսկվայում նրան զգուշացրել էին, որ տնտեսական ճգնաժամ է, գուցե Քրդական ակադեմիան բավարար միջոցներ չունենա նրան պահելու համար, բայց եթե Նիդեռլանդներից կապվեն Մոսկվա, գուցե հնարավոր լինի նրա տեղափոխվելը:
«Ես խնդիրներ եմ ունեցել Շվեդիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում: Նրանք չեն հարգել իմ իրավունքները, դիմել եմ՝ օգնեն ինձ, որ դիմեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային դատարան, բայց մերժվել եմ: Նիդեռլանդներում դիմեցի, որ քաղաքական ապաստան տան, բայց նրանք ինձ տվեցին մարդասիրական ապաստան, եւ երբ ես նրանց ասել էի կապվեն Գերմանիայում իմ ծանոթների հետ, ովքեր վկա էին, թե այնտեղ ինչ էին անում ինձ հետ, որ ինձ խոշտանգում էին, դա նրանց չհետաքրքրեց, խնդրեցի նրանց նորից բացել Սանկտ Պետերբուրգի Քրդական ակադեմիայում իմ սովորելու գործերը, բայց դա էլ նրանք չարեցին»,- պատմում է Մոհամադ Ասո Ասադը: Այժմ քաղաքական ապաստան է փնտրում Հայաստանում, ասում է՝ դեռ իննսունականներին է դիմել, բայց պատասխան չի ստացել, մտածում է՝ նամակը տեղ չի հասել:

Հիմա առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժվելու կարիք ունի, Նիդեռլանդներում խնդրել է իրեն օգնեն՝ դիմի միջազգային կազմակերպություններ, որ գնա բուժման, օրինակ՝ Հոնկոնգ կամ այլ վայր, որտեղ որ հնարավոր է բուժում ստանալ, բայց մերժվել է, այդ պատճառով «փախչել» է Նիդեռլանդներից: «Անհրաժեշտ է տասից տասնմեկ վիրահատություն: Ինձ ծեծել են այդ երկրների ոստիկաններն իրենց ոստիկանական խցերում,- ասում է նա եւ շարունակում,- ընտանիքիս շատ անդամներ մահացել են, բարեկամներ քիչ ունեմ, ես ունեմ լուրջ առողջական խնդիրներ, վնասվել են նաեւ սեռական օրգաններս, դժվար թե այլեւս կարողանամ սեփական ընտանիք կազմել: Ինձ ծեծում էին այդ երկրներում, ուզում էին, որ ես ակտիվ չլինեմ, չգնամ Ռուսաստան, բայց ես շարունակում էի: Նրանք ուզում էին, որ ես լինեմ իրենց լրտեսը, ես չէի ընդունում նրանց առաջարկը: Ինչո՞ւ ընդունեի, ի՞նչը պիտի դառնա պատճառը, որ ես ծախեմ իմ ժողովրդին: Նրանք ինձ ուզում էին խաղալիք դարձնել իրենց ձեռքում՝ իրենց շահերի օգտագործման համար: Ասում են՝ քուրդերը կոտորել են հայերին 1915 թվականին, լավ, բայց նրանք Ութմանի կառավարության լրտեսներ էին, նման բան եղել է եւ քուրդերի հետ. քուրդերն աշխատել են Սադամ Հուսեյնի հետ եւ սպանել իրենց հայրենակիցներին: Ես նման մարդ չեմ կարող լինել»: Նա նաեւ ասում է, որ իր խոշտանգումների պատճառ կարող է լինել նաեւ այն, որ հայրը կոմունիստ էր, քաղաքական գործիչ: Սակայն ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, եւ որեւէ կուսակցություն չի ներկայացնում:

Մոհամադ Ասո Ասադն արդեն եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, այնտեղ նրան դիմում լրացնելու թերթիկ են տվել, ասել են՝ ամենաուշը մեկ ամսում կպատասխանեն:

Նա մեկ այլ ցանկություն էլ ունի, ուզում է Երեւանում հիմնել Ցեղասպանության ինստիտուտ, որտեղ կուսումնասիրվեն եւ կներկայացվեն քրդերի եւ նաեւ այլ ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունները: «Նամակ եմ գրել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գրասենյակ, Ժնեւի Օնտարիոյի վերադաս դատարան, որ Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան պատասխանատու են այն ամենի համար, ինչ եղել է ինձ հետ, եւ ես պետք է վերականգնվեմ, բուժվեմ, դրա համար պետք է ինձ դրամական փոխհատուցում տրվի, նաեւ յուրաքանչյուրը՝ Գերմանիան, Ռուսաստանը եւ Նիդեռլանդները պետք է վճարեն իմ նախատեսած Ցեղասպանության ինստիտուտի հիմնման համար անհրաժեշտ գումարի 25-ական տոկոսը, 15 տոկոսը Շվեդիան պետք է վճարի, 10 տոկոսը` Ռուսաստանը: Այն կլինի ֆոնդի նման մի բան, գումար կխոխանցեն»,- ասում է նա:

Մեր այն հարցին, թե արդյոք նա իրեն ապահով կզգա՞ Հայաստանում, Մոհամադ Ասադը պատասխանեց. «Ես Ձեր իշխանություններին չեմ խնդրում պաշտպանել ինձ, ես խնդրում են հնարավորություն տալ ինքս ինձ պաշտպանելու»:

Պարոն Մոհամադ Ասադն ասում է, որ եթե այստեղ էլ նրան քաղաքական ապաստան չտան, պետք է խնդրի Տաջիկստան գնալու տոմս, որպեսզի այդ երկրին դիմի նույն հարցով: Սակայն նա հույս ունի, որ Հայաստանը չի մերժի իր դիմումը: «Ես հանցագործ չեմ, չունեմ հանցագործի անցյալ, որեւէ վատ ցանկություն չունեմ»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031