Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական հեքիաթներն Ադրբեջան էլ «կմեկնեն»

Հունվար 14,2014 13:45

«Բակուր Սուլակաուրիի» ու «Անտարեսի» համատեղ ձեռնարկը
Վրաստանի առաջատար «Բակուր Սուլակաուրի» հրատարակչության տնօրեն Թինա Սուլակաուրին Հայաստանում է, իր խոսքերով՝ իրենց հրատարակած հայերեն առաջին գրքի՝ «Իմ առաջին հեքիաթները» ժողովածուի հայաստանյան շուկայում առաջխաղացման հարցերը լուծելու նպատակով: Հայկական հեքիաթների ժողովածուն հրատարակվել է նաեւ վրացերեն եւ ադրբեջաներեն:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տիկին Սուլակաուրին ասաց, որ առաջին համագործակցությունը հայերիս հետ սկսել է շուրջ երկու տարի առաջ՝ հանձին հայաստանյան «Անտարես» մեդիա հոլդինգի, իսկ ընդհանրապես վրացական եւ հայկական գրքի շուկայում փոխհամագործակցությունն ունի արդեն 15 տարվա պատմություն: «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ մեր ծանոթությունն ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Պարոն Մարտիրոսյանի հետ հաճախ հանդիպել ենք գրքի միջազգային տոնավաճառներին, ցուցահանդեսներին եւ այլ ֆորումներին: «Անտարեսը» մեզ գրավեց գրքի հրատարակչական շուկայում իր ճկուն եւ նորարարական մոտեցումներով: Ընդ որում, «Անտարեսը» վաղուց համագործակցում է վրացի հրատարակիչների հետ՝ մեր երկրում հայկական դպրոցների համար դասագրքերի տպագրության գործում: Նշեմ նաեւ, որ հայաստանցի կոլեգաս կատարում է այդ դասագրքերի անվճար խմբագրում, որից հետո միայն տրամադրում գրքերի տեքստերը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում գրքի հայաստանյան շուկայում առաջխաղացման հարցեր լուծել, Թինա Սուլակաուրին պատասխանեց. «Ցանկացած ապրանք սպառելու համար անհրաժեշտ է իրականացնել նորմալ մարքետինգ: Իսկ մենք գիտենք, որ կոնկրետ՝ «Անտարեսը» այսօր իր գրքերը վաճառում է հայաստանյան 52 գրախանութներում, 50 դեղատներում եւ 980 փոստային բաժանմունքներում: Այս խոսուն փաստերը վկայում են այդ հրատարակչության կողմից գրքի ոլորտում իրականացվող ճիշտ քաղաքականության մասին: Նպատակահարմար գտանք համագործակցել հենց առաջատարի հետ»: Վրացի հրատարակիչը չթաքցրեց, թե իրենք էլ տիրապետում են գաղտնիքի՝ ինչպես վաճառել գիրքը հետխորհրդային երկրների շուկայում: Փաստեց, թե Վրաստանում իրենք վաճառում են, ասենք, նույնանուն գրքից ամսական շուրջ 2000 օրինակ:

Անդրադառնալով «Իմ առաջին հեքիաթները» ժողովածուին, տիկին Սուլակաուրին հայտնեց, որ առաջիկայում այն կվաճառվի նաեւ Ադրբեջանում: Վստահեցրեց, թե այդ երկրում հայկական հեքիաթները մեծ պահանջարկ կունենան, դա մեկնաբանելով՝ «Մենք կարողանում ենք գիրք վաճառել»:

Խոսելով «Բակուր Սուլակաուրիի» հրատարակած գրքերի մասին, տնօրենը նշեց, որ իրենց հրատարակչությունը միայն անցյալ տարվա ընթացքում վաճառել է 1 մլն 500 հազար օրինակ գիրք: Իսկ գրքի հանդեպ վրաց ընթերցողի հետաքրքրության առնչությամբ էլ տիկին Սուլակաուրին ասաց՝ «Վերջին տասը տարիների ընթացքում, հատկապես Վարդերի հեղափոխությունից հետո, մեր գրքի շուկան զարգացում է ապրում, բնականաբար՝ սա խոսում է նաեւ մեր ընթերցողի հետաքրքրության մասին: Մեր պետությունը չի խառնվում գրքերի հրատարակման հարցում, օրինակ՝ խորհրդային տարիներից եկած պետպատվերի երեւույթը մեզ մոտ իբրեւ դասակարգ վերացած է: Վրաստանը ֆինանսավորում է ոչ թե առանձին գրողների կամ հրատարակիչների, այլ՝ գրադարաններին: Շուրջ 500 գրադարան հրատարակիչներից պարբերաբար գրքեր են գնում եւ այսպիսով գիրքը դառնում է մատչելի՝ ցանկացած պոտենցիալ ընթերցողի համար: Եվ, որ կարեւոր է՝ Վրաստանում վաղուց արդեն պետության կողմից կա հստակ քաղաքականություն, այն է՝ որպեսզի երիտասարդը կյանքում հաջողակ լինի, նա ունի մեկ ճանապարհ՝ կրթվել: Իմ երկրում 3 օտար լեզու իմանալը նույնն է, թե ժամանակին ԽՍՀՄ-ի տարածքում մոդայիկ դարձած երաժշտական տարրական կրթություն ստանալը, իսկ ամենակարեւորը, վստահորեն կարող եմ ասել, թե երկիրս հասել է նրան, որ ծնողը նախընտրում է երեխայի համար գիրք գնել, քան ցանկացած զվարճանքի վայր հաճախել»:

«Իմ առաջին հեքիաթները» ժողովածուին շատ շուտով հնարավորություն կունենանք ծանոթանալ նաեւ մենք: Հարցին, թե այնուհանդերձ, օրինակ, այս ժողովածուն ավելի լավ կվաճառվի Հայաստանո՞ւմ, թե՞ Վրաստանում, հրատարակչի պատասխանը հակիրճ էր. «Սա «Անտարեսի» հետ հայաստանյան շուկայում մեր առաջին փորձն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Թինա Սուլակաուրին եւ Արմեն Մարտիրոսյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031