Քաղաքապետարանի դիմաց ամիսներ շարունակ նստացույց անող Վահագն Մինասյանի դեմ Վարչական դատարանում այս պահին քննվում է միանգամից երկու հայց: Ոստիկանության կենտրոնական վարչությունը ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար միանգամից երկու հայց է ներկայացրել ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ակտիվիստի դեմ հայցերից մեկը վերաբերում է օգոստոսի 25-ին քաղաքապետարանի դիմաց 03:30 –ի միջադեպին: Վահագն Մինասյանի հիշելով՝ այդ օրը նրանց ոստիկանություն են տարել քաղաքապետարանի աստիճաններին քնելու համար:
Ակտիվիստի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանը եւ Արտակ Զեյնալյանն այսօր դատարանին միջնորդեցին հետաձգել դատական նիստը՝ բացատրելով, որ գործի քննությունը չի կարող անցկացվել առանց զանցառուի ներկայության: Գործով նախնական նիստը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, բայց պատասխանող կողմը ներկա չէր եղել: Պարոն Զեյնալյանը պնդում էր, որ իրենց վստահորդը պատշաճ ծանուցում չի ստացել դատական նիստի մասին:
Ակտիվիստի պաշտպանները նաեւ միջնորդեցին, որ հայցվորն իրենց ներկայացնի հայցադիմումն ամբողջությամբ, որ կարողանան իրենց պատասխանները ներկայացնել դրա վերաբերյալ:
Հայցվոր կողմն առարկեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ պնդելով, որ հետաձգելու միջնորդության պատճառաբանությունները հիմնավոր չէին. «Զանցառուն պատշաճ ծանուցվել է, հայցադիմումը ստացել է, իսկ հայցադիմումում գործի հանգամանքները մանրամասն շարադրված է եղել: Պատասխանողը կարող էր այդ ընթացքում դիմել դատարանին ու հայցադիմումի պատճենը ստանալ, բայց որեւէ գործողություն չի կատարել իր իրավունքը իրացնելու համար»,- առարկեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը:
Կարդացեք նաև
Դատարանը, սակայն բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 11-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Մարիամ Սուխուդյանի