Մեր Տիրոջ և Փրկչի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը` գլխավորությամբ ծառայության պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, կազմակերպել էր հոգևորականների այցելություններ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներ: Այցերի ընթացքում ազատազրկման վայրերում բանտային կառույցի եկեղեցականները մատուցեցին Սուրբ Պատարագ, կատարեցին ջրօրհնեքի, տնօրհնեքի և հոգեհանգստի արարողություններ` դատապարտյալներին ու աշխատակիցներին փոխանցելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Տեղի ունեցավ նաև մի քանի դատապարտյալների մկրտություն:
Ծառայության հոգևոր սպասավորները, շարունակելով «Աջակցություն դատապարտյալների ընտանիքներին» ծրագիրը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելեցին նաև ազատազրկվածների 20 ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում և ունեն անչափահաս երեխաներ: Այցի ընթացքում կատարվեցին տնօրհնեքի արարողություններ, տեղի ունեցան հոգեխնամ զրույցներ ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև ընտանիքներին հանձնվեցին տոնական նվերներ, ցուցաբերվեց դրամական օգնություն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ