Երեկ Ցյուրիխում կայացավ ֆուտբոլային աշխարհի 2013 թվականի բոլոր հերոսների մեծարման արարողությունը:
Լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը շնորհվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն իր ակումբի ու հավաքականի կազմում մրցակիցների դարպասը գրավել է 66 անգամ:
Լավագույն կին ֆուտբոլիստ ճանաչվեց Գերմանիայի կանանց ազգային հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը:
Կարդացեք նաև
2013 թվականի ամենագեղեցիկ գոլի հեղինակ, ՊՍԺ-ի եւ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրաիմովիչը Անգլիայի ընտրանու հետ ընկերական խաղում տուգանային հրապարակից դուրս շրջադարձ հարվածով գոլ հեղինակելու համար (այդ խաղում Շվեդիան հաղթեց 4:2 հաշվով եւ բոլոր չորս գոլերը խփեց Իբրաիմովիչը) արժանացավ «Ֆերենց Պուշկաշի» անվան մրցանակին:
Անցած տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, իսկ լավագույն կին մարզիչ՝ Գերմանիայի կանանց հավաքականի մարզիչ Սիլվիա Նայտը:
Հայտարարվեց նաեւ անցած տարվա «Երազանքի հավաքականի» կազմը, որում տեղ գտան:
Դարպասապահ. Մանուել Նոյեր՝ «Բավարիա»:
Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ՝ «Բավարիա», Սերխիո Ռամոս՝ Մադրիդի «Ռեալ», Տյագո Սիլվա՝ ՊՍԺ, Դանի Ալվես՝ «Բարսելոն»:
Կիսապաշտպաններ. Անդրես Ինյեստա՝ «Բարսելոն», Խավի՝ «Բարսելոն», Ֆրանկ Ռիբերի՝ «Բավարիա»:
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու՝ Մադրիդի «Ռեալ», Զլատան Իբրաիմովիչ՝ ՊՍԺ, Լիոնել Մեսսի՝ «Բարսելոն»:
Արդար խաղի համար «Ֆեյեր Փլեյ» մրցանակը հանձնվեց Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Սպորտում ունեցած բացառիկ ավանդի համար առաջին անգամ «Ոսկե գնդակ» շնորհվեց ֆուտբոլի արքա Պելեին: Նա միակն է պատմության մեջ, որ երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:
ՖԻՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակի արժանացավ ՄՕԿ-ի նախկին նախագահ Ժակ Ռոգեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ fifa.com-ից