Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը ոչ թե վարչապետի պաշտոնն է ուզում, այլ փաստացի «թագավորության կեսը». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 14,2014 12:00

Սկսենք նրանից, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ է երկխոսում։ Նա ինչ է, չգիտի՞, որ Տիգրան Սարգսյանի քյալլագյոզությունների հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, հենց նա է այդ «անհույս դեգրադացվածին» վարչապետ նշանակել, նրա հրահանգով է Ազգային ժողովը լուռումունջ կողմ քվեարկում կառավարության ներկայացրած ցանկացած ծրագրի, ընդունում հաշվետվությունները, հաստատում բյուջեն եւ այլն։ Իհարկե գիտի։ Դրա համար էլ միջնորդավորված ուղերձ է հղում Սերժ Սարգսյանին՝ «էդ ախմախին գործից հանի՛»։ Շարունակությունը բաց տեքստով չի ասում, բայց հասկանալի է՝ «եւ նրա փոխարեն ինձ նշանակի՝ առաջվա նման երկուսով երկիրը ղեկավարենք»։

Պահը շատ հարմար է ընտրված։ Բանն այն է, որ անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանում երբեք «երկուսով ղեկավարելու» հնարավորություն չի եղել՝ պետական կառավարման համակարգը նախատեսված է եղել միանձնյա իշխանության համար, իսկ հիմա իրավիճակը բոլորովին այլ է. առաջիկայում սպասվում են սահմանադրական բարեփոխումներ, որոնց արդյունքում վարչապետի լիազորություններն ավելի կմեծանան, եւ արդեն պաշտոնապես վարչապետն ու նախագահը կդառնան համարժեք ֆիգուրներ։ Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե վարչապետի պաշտոնն է ուզում, այլ փաստացի «թագավորության կեսը»։ Չէ՞ որ ե՛ւ նա, ե՛ւ Սերժ Սարգսյանը սիրում էին ամեն առիթով հայտարարել, թե իրենք միասին երկար ճանապարհ են անցել, մարտական ընկերներ են եւ այլն։ Հիմա ահա Քոչարյանը վրդովված է, որ այդ «անհույսը» հայտնվել է «մատի ու մատանու արանքում»: Ուշադրություն դարձրեք՝ երկուսով «իշխանությունը վայելելու» համար պահը հարմար է նաեւ այն առումով, որ երկրի ապագայի համար պատասխանատվության հարցը մեջտեղից դուրս է եկել՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ապագայի համար փաստացի պատասխանատու է Մոսկվան (համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանը վիճակը հենց այդպես է ներկայացնում):

Զգացե՞լ է արդյոք Տիգրան Սարգսյանը, որ վտանգն իրական է։ Իհարկե զգացել է։ Եվ զգացել է ոչ թե Քոչարյանի շեշտադրումներից, այլ նրանից, որ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չանդրադարձավ այդ բանավեճին, իսկ բազմաթիվ հանրապետականներ էլ իրեն պաշտպանելու փոխարեն «ըմբռնումով մոտեցան Քոչարյանի մտահոգություններին»։ Ըստ       երեւույթին վտանգի  զգացողությունն էլ նրան ստիպել է եռանդուն քայլերի դիմել եւ ուղղակի    աջակցություն խնդրել Սերժ Սարգսյանից։    Աջակցությունն, ի դեպ, չուշացավ՝  արդեն  երեկ Էդուարդ Շարմազանովն ու երիտհանրապետական   Կարեն Ավագյանը բավականին կոշտ բառապաշարով «արժանի հակահարված հասցրեցին» Քոչարյանին։ Իսկ սրանք այն պատգամավորներն են, ովքեր առանց նախագահականի ցուցումների անգամ փռշտալ չեն համարձակվում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031