Այսօր հայոց աշխարհում քաղբանտարկյալներ սկսել են անվանել բոլոր նրանց, ովքեր բռնվել են որեւէ հանցանք գործելու պահին, բայց հնարամտորեն հաջողացրել բարձրաձայն ճչալ, թե իրենք դեմ են իշխանությանը։ Դե, քանի որ դեմ է իշխանությանը, ուրեմն ոչ թե քրեական հանցագործ է, այլ արդեն քաղբանտարկյալ։
Ուրեմն պե՞տք է արդյոք զարմանալ, որ այսօր քաղբանտարկյալ է հռչակվում փայտերով իրավապահների վրա հարձակված Շանթ Հարությունյանը։ Ինչպես մինչ այդ քաղբանտարկյալ էր ոստիկանի քիթը կոտրած ՀԱԿ ակտիվիստ Առաքելյանը։
Ընդհանրապես մենք անչափ վախենում ենք այդ բառից։ Ցնցվում՝ լսելով դա։ Հանկարծ աշխարհում չմտածեն, թե քաղբանտարկյալներ ունենք։ Ուստիեւ ավելորդ չի լինի դիտարկել քաղբանտարկյալների հանդեպ վերաբերմունքը տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում։
Այսպես. քաղբանտարկյալ էին համարվում Ալեքսանդր 2-րդ կայսրին սպանած նարոդովոլեցները, հեղափոխություն պատրաստող բոլշեւիկները, մարդու իրավունքների պահպանում պահանջող խորհրդային այլախոհները, լեհական «Համերաշխության» գործիչները, Օլստերում խաղաղ օբյեկտներ պայթեցնող իռլանդացի ահաբեկիչները, գեստապոյի կողմից հալածվող գերմանացի հակաֆաշիստները, Նյուրնբերգյան դատարանի վճռին սպասող նացիստական առաջնորդները, Իսրայելում դպրոցական ավտոբուսներ ու դիսկոտեկներ պայթեցնող պաղեստինցի ահաբեկիչները, չեչեն մոջահեդները, բասկ ահաբեկիչներն Իսպանիայում եւ «թամիլական վագրերը» Շրի Լանկայում, «Կարմիր բրիգադների» անդամներն Իտալիայում եւ «Բադեր-Մայնհոֆ»-ինը՝ Գերմանիայում, ամերիկյան արդարադատության ձեռքն ընկած «Ալ Ղայիդայի» անդամները եւ Սադամ Հուսեյնը…
Նրանց բոլորին մեղադրում էին տարբեր հանցագործությունների մեջ, երբեմն՝ մարդկության դեմ գործած ոճիրների։ Մեղադրանքները կարող էին լինել ճշմարիտ եւ կեղծ։ Դատավարությունները կարող էին լինել արդար կամ ոչ։ Բայց նրանք բոլորը նստել կամ նստած են իրենց քաղաքական գործունեության համար կամ քաղաքական նկատառումներով։ Հետեւաբար, նրանք բոլորն էլ քաղբանտարկյալներ են։
Սակայն արժե՞ արդյոք ազատություն պահանջել բոլոր քաղաքական բանտարկյալների համար պարզապես այն պատճառով, որ նրանք քաղբանտարկյալներ են։ Կարո՞ղ է արդյոք դա լինել նրանց հրապարակավ պաշտպանության միակ չափորոշիչ։ Անկախ այն բանից, թե ինչի համար են դատապարտվել եւ ով են իրականում։
Միգուցե նրանցից ոմանք պե՞տք է նստեն բանտում։ Նայեք նախորդ պարբերության մեջ նշված քաղբանտարկյալների ցուցակին եւ որոշեք, թե ում համար եք պատրաստ ազատություն պահանջել եւ ում համար՝ ոչ։
Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում