Այս տարի հունվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի (Մկրտչի) ծննդյան օրը: Տոնի առթիվ սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ (Արարատյան թեմում՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում):
Հովհաննես Մկրտիչ Կարապետն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:
Այսօր Հովհաննես անունը և Հովհաննիսյան ազգանունը կրող գերդասատնների անվանակոչության օրն է:
Qahana.am