Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Ազգային ժողովում չեմ տեսնում վստահության արժանի ընդդիմադիր ուժերի». «Հայոց աշխարհ»

Հունվար 14,2014 11:22

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը պատասխանում է հարցին, թե ընդդիմությունն ունի՞ անհրաժեշտ մարդկային եւ քաղաքական ռեսուրսներ՝ հաջողությամբ պսակելու ձմեռային «զորաշարժերը», թե՞ այս դեպքում էլ խոստումները կմնան օդում։

-Ցանկացած համախմբված պայքար մեզ համար ողջունելի է, բայց ես ավելի շատ հակված եմ ապավինելու հասարակության տարբեր հատվածների քաղաքացիական ակտիվությանը։ Քաղաքական հիմնական պրոբլեմը տեսնում եմ նրանում, որ քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը մեծ չէ։

Ճիշտ է, «գործի գլխին» կանգնած են խորհրդարանական ուժերը՝ նրանց հնարավորություններն ավելի մեծ են, եւ լավ է, որ այդ հնարավորություններն օգտագործվում են նաեւ հանրությանը մտահոգող հարցերը արծարծելու, մասնավորապես պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման օրինականությունը օրենքի շրջանակներում վիճարկելու համար։ Բայց ընդհանրապես դեռեւս չեմ տեսնում քաղաքական դաշտում վստահություն վայելող լուրջ քաղաքական ուժերի, որոնց հետեւից հասարակությունը կգնա։

   –Այն փաստը, որ վերջին շրջանում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը ինչ-որ տեղ կարողանում են հանդես գալ միասնական նախաձեռնություններով, կարո՞ղ է լրացնել վստահության դեֆիցիտը եւ որակապես նոր իրավիճակ ստեղծել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում։

-Վստահությունը ձեռք է բերվում տարիների աշխատանքով։ Ցավոք սրտի, համարյա բոլոր ուժերը տարիների ընթացքում կորցրել են այդ վստահությունը։ Մեր ժողովուրդը, փառք Աստծո, 20 տարվա մեջ 4-5 անգամ ազգովի ոտքի կանգնել է. ընդդիմության հետ որոշակի հույսեր կապելով, բայց քաղաքական էլիտան, այդ թվում՝ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը, ժողովրդին խաբել են՝ հույսերը չեն արդարացրել, եւ այդ հսկայական ներուժը պարզապես ուղղվել է մասնավոր անձանց, խմբերի քաղաքական շահերի սպասարկմանը։

Դրա համար էլ ասում եմ՝ այս պահին, առավել եւս Ազգային ժողովում, չեմ տեսնում վստահության արժանի ընդդիմադիր ուժերի։ Ավելին՝ դեռ հարց է՝ որքանո՞վ են նրանք ընդդիմադիր։

Մի բան գիտեմ՝ ընդդիմության «թափուր» տեղը երկար ժամանակ չի կարող դատարկ մնալ։ Երբ Մաքսային միության հետ կապված բոլոր փաստաթղթերը վերջնականապես ստորագրվեն, կարծում եմ, դրանից հետո ոչ միայն ներքին, այլեւ արտաքին դրդիչներ կլինեն, որ երկրում իրավիճակ փոխվի, եւ երկիրը մտնի կայուն զարգացումների փուլ։ Հայաստանի գործընկերների համար էլ կարեւոր է, որ Հայաստանը կայուն լինի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031