Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի թիվ 10 դպրոցի ճանապարհին գտնվող հենապատը դեռ շարունակում է վթարային վիճակում մնալ

Հունվար 13,2014 21:58

Կապանի թիվ 10 դպրոց տանող միակ ճանապարհի երկայնքով կառուցված հենապատը արդեն 4 տարի է վթարային վիճակում է գտնվում: Հենապատը դպրոցից 60 մ հեռավորության վրա է գտնվում, սակայն ամեն անգամ դպրոցի աշակերտներն ու անձնակազմը ստիպված են լինում վթարային այս հենապատի հարակից ճանապարհով դպրոց գնալ:

Դպրոցի տնօրեն Արթուր Հակոբյանը տեղեկացրեց, որ այսօր էլ  վտանգն առկա է  եւ ամեն պահի հենապատը կարող է փլվել: «Այս խնդիրն առկա է 2010թ.-ից: Անձրեւաջրերից, սողանքից այն ժամանակ փլվել էր 10 մ երկարություն ունեցող հենապատի 3 մ հատվածը, 7 մետրն էլ կախված վիճակում է գտնվում այս պահին,  եթե փլվի՝ ճանապարհը կփակվի, Աստված ոչ անի երեխաներն այդ պահին այնտեղ լինեն», -ասաց Արթուր Հակոբյանը: Տվյալ հատվածը համայնքի վարչական տարածքում է  գտնվում, եւ խնդիրն այս տարիների մի քանի անգամ ներկայացվել է ինչպես քաղաքապետարան, այնպես էլ՝ մարզպետարան: Խնդիրը լուծել խոստացել էր նաեւ նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը: «Նաեւ ավագանու միջոցով ենք այս խնդիրը բարձրացրել: Մեզ շատ է օգնել  նախկինում ավագանու անդամ Խորեն Հարությունյանը, ով դպրոցի աշակերտի ծնող է: Այդ հարցը քննարկվել էր նաեւ ներկայիս ավագանու նիստում, որքանով տեղյակ եմ ավագանին հաստատել է եւ  այս տարվա բյուջեից հատկացվելիք միջոցներով նախատեսվում է  2014 թվականին հենապատը նորոգել», -տեղեկացրեց Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի տնօրեն  Արթուր Հակոբյանը:

Հաջորդ խնդիրը դպրոցի մասնաշենքի հիմնանորոգումն է: 1973թ.-ից կառուցված շենքը մինչեւ օրս հիմնանորոգման չի ենթարկվել, մասնակի նորոգվել է եւ հանքարդյունաբերական ընկերությունների միջոցով գազաֆիկացվել, նոր գույքով ապահովվել: Տնօրենի խոսքով՝ 2010թ.-ին պետբյուջեով նախատեսված էր հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել, սակայն ճգնաժամի պատճառով այդ աշխատանքներն այդպես էլ չեն մեկնարկել:

«Նույնիսկ նախահաշիվն էր կազմված, 297 մլն դրամի աշխատանք պետք է արվեր, բայց ճգնաժամի  պատճառով չարվեց: Նախագծային փաստաթղթերը պատրաստ են, 2014 թվականին չի պլանավորվում նորոգել, բայց միջնաժամկետ ծրագրի մեջ կա, 2015 թվականին կհիմնանորոգվի»,- նշեց պարոն Հակոբյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031