Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է

Հունվար 13,2014 19:48

Այսօր՝ հունվարի 13-ին, Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին Կոմիտաս 5-ի գործով կրկին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: Արգիշտի Կիվիրյանը Aravot.am-ին հայտնեց, որ նախաքննությունը նորից վերսկսվել է եւ այս անգամ փոփոխել են մեղադրանքի ծավալը. «Ինձ մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով՝ 333 եւ 316, առաջինը՝ կեղծ մատնություն, երկրորդը՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն: 333 հոդվածից իրենք որոշել են հրաժարվել՝ դատախազության ցուցումով»:

Պարոն Կիվիրյանը, չնայած, համարում է՝ քրեական օրենսգրքի 333 հոդվածով մեղադրանքը աբսուրդ եւ չի կարող ասել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել. «Աբսուրդ էր այս փուլում հրաժարվելը, կարճ ասած, ինչո՞ւ ես առաջադրում, որ հետո հրաժարվես»:

Արգիշտի Կիվիրյանը նշեց նաեւ, որ իրեն հայտնել են՝ իր վրա կարող է տարածվել համաներումը, քանի որ նրան առաջադրված է միայն քրեական օրենսգրքի 316 հոդվածը եւ նա ունի մինչեւ 3 տարեկան երեխա: Սակայն, Արգիշտի Կիվիրյանն այն մերժել է, այդ իսկ պատճառով՝ հունվարի 14-ին նրան եւս մեկ անգամ հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը կարծում է, որ այս գործը ի սկզբանե ապօրինի է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մեղադրանքը փոփոխվել է, որովհետեւ դատախազը համապատասխան ցուցում է տվել, սակայն իրենք դեռ ծանոթ չեն այդ ցուցումին եւ միայն նրա հետ ծանոթանալուց հետո պատճառները պարզ կդառնան. «Մեծ հույսեր չկան, որ դա էլ լույս կսփռի, թե ինչո՞ւ հատկապես այս մեղադրանքն առաջադրվեց Արգիշտի Կիվիրյանին, ինչո՞ւ հետո հրաժարվեցին այդ մեղադրանքից: Կարծում եմ, նրանք հասկացան, որ նշված մեղադրանքի առաջադրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու հետագայում նաեւ Եվրոպական դատարանում: Չնայած նրանք պետք է գիտակցեն, որ նույն 316 հոդվածով մեղադրանքի առաջադրումը եւս լուրջ խնդիրներ է առաջացնելու»:

Լուսինե Սահակյանի խոսքերով՝ իրենք մինչեւ վերջ պայքարելու են, որպեսզի Արգիշտի Կիվիրյանն արդարացվի թե՛ ներպետական ատյաններում եւ թե՛ Եվրոպական դատարանում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031