Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը տեղափոխվել է Անապա ու բիզնե՞ս է անում

Հունվար 13,2014 19:40

Դեռևս ամռանը Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, ակտիվ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ իրենց պատգամավորը` ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, մտադիր է վաճառել իր իսկ քաղաքում ունեցած բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները ու ընդմիշտ տեղափոխվել Ռուսաստան: Այն ժամանակ պատգամավորը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր ընտանիքը հայրենիքում  իրեն շատ լավ է զգում,  իրենց բիզնեսը բարգավաճում է, հետևաբար և իրենք բողոքելու առիթ չունեն և տեղափոխվելու կարիք չեն զգում:  Պատգամավորը նաև ազնվորեն խոստովանել էր, որ իր եղբայրը Անապա է գնում-գալիս և տեղափոխվելու  մտադրություն ունի:

«Եթե ճիշտն ասեմ եղբայրս Անապա է գնում-գալիս, ինչ-որ մտադրություններ ունի, բաց ես նոր եմ ընտրվել, նոր մի տարին լրացավ, ինչպե՞ս կթողնեմ ու կգնամ, կամ ինչո՞ւ: Վերջը սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան այստեղ է, եթե բոլորս թողնենք ու գնանք, վերջը ի՞նչ կլինի»,- ամիսներ առաջ ասել էր Մուշեղ Պետոյանը:

Օրերս Aravot.am-ին հայտնի դարձավ, որ պատգամավորը իր ընտանիքով մեկնել է Անապա: Արթիկցիների ասելով,  նա այնտեղ զբաղվում է  կամ շինանյութերի բիզնեսով, կամ էլ ռեստորան է աշխատեցնում: Վերջիններիս բնութագրելով, Մուշեղ Պետոյանի  մի ոտքը այստեղ է, մի ոտքը` դրսում:

Մենք փորձեցինք այս խոսակցությունները ճշտել հենց Մուշեղ Պետոյանից, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի էին: Ի նկատի ունենալով, որ  Մուշեղ Պետոյանը իր թիմով աջակցել էր ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին  Արթիկի քաղաքապետ ընտրվելու հարցում, նրա հայրն էլ` Թուրինջ Պետոյանը, Արթիկի ավագանու անդամ է, զանգահարեցինքն Արթիկի քաղաքապետին` հետաքրքրվելով, թե որքանո՞վ են իրական պատգամավորի` ընդմիշտ Անապա տեղափոխվելու մասին խոսակցությունները: Արթիկի քաղաքապետն ասաց, որ նրանց հետ մշտական շփման մեջ է և  հավաստիացրեց, որ պատգամավորը ժամանակավորապես է բացակայում երկրից: Իսկ Անապայում  բիզնեսով զբաղվելու մասին խորհուրդ տվեց հարցնել անձամբ պատգամավորից:

Նկատենք, սակայն, որ ԱԺ պատգամավորները արձակուրդում չեն,  ակտիվ աշխատանքի մեջ են, ճիշտ է` դեռ ԱԺ նիստեր չեն գումարվում, սակայն վերջիններս մասնակցում են օրենքների մշակմանը, ստեղծված հանձնաժողովների աշխատանքներին: Ի դեպ,  ԲՀԿ-ական պատգամավորը գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Եվ վերջապես նա բավական դաժան պայքար մղեց թիվ 36 ընտրատարածքում, մեծամասնական կարգով  կարողացավ հաղթել այն ժամանակվա Արթիկի քաղաքապետի եղբորը` 10 տարվա պատգամավոր, ՀՀԿ-ական  Մխիթար Վարագյանին, ինչպես նաև Արթիկի ոստիկանապետի եղբորը`ՕԵԿ-ական  Հունան  Պետրոսյանին: Ու այս ամենից հետո զարմանալի է, որ պատգամավորը հեռանալու կամ էլ հեռակա կարգով հայրենիքում ԱԺ-ում պատգամավոր աշխատելու մասին է մտածում: Թեև այս ամենը կփորձենք ճշտել պատգամավորի վերադառնալուն պես:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031