Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ-կոչ. Պահանջում ենք ստուգել Սամվել Հարությունյանի հայտարարության մեջ՝ կատարված հանցագործությունների մասին պնդումները

Հունվար 13,2014 18:35

ՀՀ Ազգային ժողովին.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Սյունիքի մի խումբ բնակիչներից

Պատճեն` ՀՀ Հանրային խորհրդին.

Նամակ – խնդրագիր (Կոչ)

Սյունիքը բոլոր ժամանակներում հուսալի պատվար է ծառայել մեր երկրի անվտանգության ու ամբողջականության պահպանման գործում. անուրանալի է նաև Սյունիքի` նրա ժողովրդի վճռական դերը Արցախյան գոյամարտի շրջանում: Այսօր սակայն ստեղծվել է մի վիճակ, երբ հետագա համբերատարությունն ու հանդուրժողականությունն անթույլատրելի է.

ա) Օգտակար հանածոներով` ահռելի հարստությամբ ամենահարուստ Սյունիքի մարզը` հատկապես նրա ընդերքը գիշատչաբար կողոպտվում և լցվում է մի քանի մասնավոր անձանց գրպանները հակառակ ընդերքի մասին օրենսդրությամբ սահմանված այն նորմի` ըստ որի ընդերքը, նրա հարստությունը պետության, ուրեմն և ամբողջ հասարակության, ժողովրդի բացառիկ սեփականությունն է…

Այդ անխիղճ կողոպուտի` գործազրկության, աղքատության պատճառով ժողովուրդը զանգվածաբար տարագրվում է`մեկնում օտար երկրներ. մարզի բնակավայրերը դատարկվում, ավերվում են:

Մենք պահանջում ենք, որպեսզի օրենք ընդունվի (կամ ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարվի) ըստ որի կարգելվի ընդերքի հարստությունը, հանքարդյունաբերությունը որևէ կերպ մասնավոր անձանց` ֆիզիկական և ոչ պետական իրավաբանական անձանց, տնօրինությանը, մշտական կամ ժամանակավոր կառավարմանը, օգտագործման հանձնելը. այն պետք է ամբողջությամբ պատկանի ժողովրդին, նրանից` ընդերքի շահագործումից, ստացված ամբողջ եկամուտը պետք է մտնի պետական բյուջե և ամբողջությամբ օգտագործվի պետության, երկրի, ժողովրդի շահերի համար:

Այդ կապակցությամբ մենք պահանջում ենք նաև անաչառ կերպով հրապարակել այն հսկայական եկամուտների չափերը, որը Սյունիքի ընդերքի գիշատիչ շահագործումից ստացել և ստանում են մասնավոր անձինք, ի տարբերություն դրա որպես հարկ վճարված չնչին գումարների… Ըստ որում ոչ միայն պետք է իրականում ազգայնացվի` պետականացվի հանքարդյունաբերությունը այլև, նաև մի քանի «բիրդան աղաների» մինչ այդ ստացած ահռելի միջոցները` օտարերկրյա բանկերում և այլուր,պետք է վերադարձվեն ժողովրդին` ի դեմս պետության…

Սյունիքի ընդերքի ամբողջ հարստությունը ժողովրդի, պետության համար օգտագործելը էապես կկանխի արտագաղթը` հատկապես երիտասարդության շրջանում, գործազրկությունը,աղքատությունը. ստրատեգիական վճռորոշ նշանակություն ունեցող այդ տարածաշրջանը կդնի զարգացման, ամրացման հուսալի հիմքերի վրա այն անսասան պատվար դարձնելով մեր երկրի ու Արցախի անվտանգության ապահովման գործում.այլապես մարզն այս վիճակում թողնելը, նրա բնական հարստությունը մի քանի անձանց անխիղճ ու անսանձ կողոպտմանը հանձնելը աղետաբեր կլինի ոչ միայն մարզի, այլև ամբողջ տարածաշրջանի համար.ուստի այդպիսին թույլ չտալու համար մենք հարկադրված կլինենք (եթե դուք չանսաք մեր` ժողովրդի ձայնին) զանգվածային քաղաքացիական անհնազանդության կոչով դիմել մարզի և երկրի ամբողջ բնակչությանը դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ…

բ) Ձեզ հայտնի է, որ Սյունիքի նախկին մարզպետի անզուսպ, անսանձ ու անպատիժ գործելակերպի`կամայականությունների պատճառով մարզում ստեղծվել է աղաղակող իրավական նիհիլիզմի, վախի ու խավարամտության մթնոլորտ. անգամ նրա «հրաժարականից» հետո նրա բազմաթիվ հանցագործություններին ընթացք չտալը իսկական արհամարհանք է Սյունիքի ժողովրդի նկատմամբ: Թեպետ առանձին հայրենասեր անձինք քանիցս Ձեր և իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրել այդ հիմնախնդրով, սակայն դրանք մնացել են անարձագանք:

Մենք պահանջում ենք ոչ միայն Գորիսում ս/թ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքով անաչառ վերաքննության ապահովումը, այլև Ձեզ ուղարկելով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի համացանցում արված հայտարարության տեքստը`* կատարված հանցագործությունների, մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների մասին, պահանջում ենք Ձեր հանձնարարականը օրենքով նախատեսված կարգով դրանք անաչառ կերպով ստուգելու և մեղավոր բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Օրենքով նախատեսված կարգով, անաչառ ու արդարացի մոտեցման բացակայությունը, նախազգուշացնում ենք, անխուսափելիորեն կհանգեցնի նոր արյունահեղությունների…Սա սթափության կոչ է…

գ) Մենք նաև հասկանում ենք, որ չարիքի հիմնական աղբյուրը ոչ թե (կամ ոչ միայն) առանձին անձանց կամայականություններն են, այլև Սահմանադրությամբ և մյուս օրենքներով ամրագրած կարգը` որը ընձեռնում է դրա իրավական և փաստական հնարավորությունը. ուստի հատկապես նկատի ունենալով, որ կազմվել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով մենք առաջարկում ենք.

ա) Սահմանադրության նոր նախագծով նախատեսել`սահմանել Ազգային ժողովի պատգամավորների թիվը` նվազագույնը 300 (Խորհրդային Հայաստանում 340 էր). դրա առնվազն կեսը մեծամասնական` ոչ կուսակցական համակարգով առաջադրվող (ինքնաառաջադրմամբ, ըստ բնակավայրերի բնակչության ժողովների կողմից առաջադրվող, հասարակական կազմակերպությունների` ոչ կուսակցությունների կողմից առաջադրվող ևն). առանց ընտրական գրավի (կուսակցությունների համար ընտրական գրավը կարող է պահպանվել). ընտրական գրավը` ավատատիրության այդ միջնադարյան մնացուկը ժողովրդի, քաղաքացու ընտրվելու իրավունքի իրականացումը կախման մեջ է դնում նրա գույքային վիճակից` դա մարդու, ժողովրդի, երկրի կառավարմանը մասնակցելու բնական և բանական իրավունքի աղաղակող ոտնահարում է…

Դրա հետ մեկտեղ թե’ պատգամավորը և թե’ մյուս պաշտոնյաները սկսած ՀՀ նախագահից, մինչև դատավորներն ու համայնքի ղեկավարները, պետք է հաշվետու լինեն ժողովրդին և օրենքով նախատեսված կարգով վաղաժամկետ ետ կանչվեն ժողովրդի, ընտրողի վստահությունը չարդարացնելու և օրենքով նախատեսված մյուս դեպքերով և հիմքերով…

բ) բոլոր դատավորները` առաջին հերթին Սահմանադրական դատարանի պետք է անմիջապես ժողովրդի կողմից ընտրվեն և ենթակա լինեն վաղաժամկետ ետ կանչման (օրենքով նախատեսված դեպքերում). նաև ժողովրդի կողմից:Անհրաժեշտ է վերականգնել նաև 1995թ. Սահմանադրությամբ (հոդ.91) նախատեսված երդվյալների` երդվյալ ատենավորների ինստիտուտը և այն կիրառության մեջ դնել.

Մարզպետների ինստիտուտը կամ պետք է վերացվի կամ մարզպետները պետք է ընտրովի` անմիջապես ժողովրդի կողմից ընտրվող և վաղաժամկետ ետ կանչվող, դառնան:

Մենք կարծում ենք նաև, որ ավելի ճիշտ կլիներ եթե ՀՀ ԱԺ-ի և նախագահի կողմից կազմվի Սահմանադրական փոփոխությունների նոր հանձնաժողով լայն ներկայացուցչական հիմունքներով` դրանում ներգրավելով նաև հասարակայնության` ժողովրդի ներկայացուցիչների (ոչ թե նախկին կամ ներկա պաշտոնյաների, պատգամավորների, մարզպետների ներկայացրած անձանց ևն). ընդսմին քննարկման դնելով նաև հասարակության` ժողովրդի ներկայացրած` ի դեմս նրա ներկայացուցիչների երկընտրական սահմանադրական նախագծերը:Երկրի այսօրվա աղետալի վիճակը այլևս թույլ չի տալիս շարունակելու Սահմանադրության ներկայացման և ընդունման «վերևից հրամցրած» պրակտիկան…

2014թ. պետությունը պետք է վճռական քայլեր նախաձեռնի ամբողջությամբ անվճար առողջապահության և կրթության պետական համակարգ ստեղծելու`մասնավորին, վճարովիին զուգահեռ, ուղղությամբ. այդ նպատակով մասնավորապես առողջապահության բնագավառում ետ վերցնելով` կամ ետ գնելով կոպեկներով մասնավոր անձանց տրված առողջապահական հիմնարկների` հիվանդանոցների ևն, շենքերը:

Գյուղերի դատարկումը, գյուղացիական տնտեսությունների աղետալի փլուզումը կանխելու և գյուղատնտեսության զարգացման պատշաճ մակարդակ ապահովելու համար ընդունել նոր օրենք գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին` ստեղծել` կամավորականության հիմունքներով և պետության գործուն աջակցությամբ. իրավաբանական անձի վիճակով այդպիսի տնտեսություններ` միավորել առանձին գյուղացիների սուղ միջոցները, որոնք առանձին-առանձին ոչինչ են` իսկ միասին կարող են տնտեսական-սոցիալական հզոր գործոն հանդիսանալ երկրի գյուղատնտեսական տնտեսության զարգացման համար. ըստ որում դրանով իսկ էապես լուծելով նաև գործազրկության, աղքատության խնդիրը, բնականաբար նաև զգալի չափով կանխելով արտագաղթը: Նոր ստեղծվող տնտեսությունները նվազագույնը 3 տարով պետք է ազատվեն նրանց որպես իրավաբանական անձանց ներկայացվող հարկային պահանջներից:

Այստեղ, ինչպես նաև բնակչության նախկին` խորհրդային հաստատություն-ներում եղած ավանդների համարժեք մարման` որն ի դեպ ներկա և նախկին, ինչպես նաև ներպետական և միջազգային իրավական ակտերի պահանջն է, պետք է ներգրավել ոչ միայն պետության, այլև նաև միջազգային կազմակերպություններից և առանձին անձանցից ստացված վարկերը բարեգործական միջոցները և բնականաբար մեր «տզրուկացած» «բիրդան աղաների» միջոցները` որոնք նրանք վերջին հաշվով կկորցնեն, եթե երկիրն ու ժողովուրդը շարունակեն այս վիճակում մնան…

Անհրաժեշտ է ընդունել նաև օրենք` «ՀՀ քաղաքացիների խորհրդային խնայբանկերում ունեցած ավանդների համարժեք վճարման` «հատուցման» մասին». ըստ որում այդ ավանդները պետք է ճանաչվեն նաև որպես ժառանգական գույքի մեջ մտնող մաս ժառանգման կարգով փոխանցման ենթակա, իսկ կառավարությունն ըստ սահմանված գրաֆիկի պետք է անհապաղ սկսի դրանց համարժեք մարումը` խորհրդային ռուբլու դիմաց 1 դոլար (այն ժամանակ 1 ռուբլին 1 դոլարից ավելի մեծ արժեք ուներ). իսկ տոկոսները հարազատ պետությանը «փեշքեշ»…(Անշուշտ պետության միջոցները սուղ են` բայց նա կարող է գոնե տարեկան 20-50 հոգու` սկսելով օր.` 70 տարեկաններից` համարժեք մարում ապահովել. դրա հետ մեկտեղ ճանաչելով , եթե չհասցնի բոլորի ավանդները հատուցել…, այդ ավանդների ժառանգական փոխանցման իրավունքը ՀՀ քաղաքացիական իրավունքով սահմանված կարգով ու հիմքերով):

Երկիրն առևտրա-չարչիական կցորդի, կիսագաղութային վիճակից հանելու, նաև արտագաղթը էապես կանխելու համար սկսել արդյունաբերական` տեղում պատրաստի ապրանքներ արտադրող ձեռնարկությունների (այդ թվում, բնականաբար, սեփական ռազմական արդյունաբերության` «մեր չափով») ստեղծումը. միայն Սյունիքի հանքային հումքը բավական է, որ մարզը լցվի այդպիսի ձեռնարկությունների լայն ցանցով և ոչ թե այդ հումքը տարվի օտար երկրներ և դրանից ստացված ահռելի եկամտի առյուծի բաժինը լցվի հայ և օտար մի քանի մասնավոր անձանց գրպանները, իսկ «անկախ» երկրի քաղաքացիները փախչեն օտար երկրներ մի կտոր հաց վաստակելու, կամ անգամ մեռնեն, բուժման համար փող չունենալու պատճառով… Ամոթ է…Այսպես այլևս չի կարող շարունակվել…

Մեր առաջարկությունները բազմաթիվ են, մենք կարող ենք նաև Ձեզ ներկայացնել մեր ժողովրդի հավանությանն արժանացած Սահմանադրության նախագիծ. բայց առայժմ բավարարվելով սրանով հույս ենք հայտնում,որ դուք կանսաք բանականության ձայնին. կօգտվեք երկիրն այս աղետալի վիճակից խաղաղ ձևով հանելու գուցե և վերջին հնարավորությունից:

Այս նամակ-խնդրագիրը Ձեզ ենք ուղարկում գործող Սահմանադրությամբ մեզ ընձեռված հնարավորության` իրավունքների (հոդ. 27.1 և ուրիշ.) սահմաններում:

Միաժամանակ մենք դիմում ենք ոչ միայն Սյունիքի ու Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը, այլև նաև արտերկրի մեր հայրենակիցներին, ինչպես նաև բոլոր առաջադեմ մարդկանց և կազմակերպություններին` միանալ մեր կոչին, միավորվել ու համընդհանուր խաղաղ շարժում ծավալել առկա տագնապալից հիմնախնդիրների լուծման. երկիրը, ժողովրդին ու մեր նորանկախ պետականությունն այս աղետալի վիճակից հանելու համար` դրանով իսկ նպաստելով նաև ամբողջ տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ գոյատևման գործին:

Առաջադրված հիմնախնդիրների նկատմամբ ժողովրդի շահերի պաշտպանությանը միտված ձեր վերաբերմունքը, պահանջները, մտահոգությունները կարող եք անմիջապես ներկայացնել երկրի ղեկավարությանը, իսկ մեր կոչին միանալու, մատնանշված հիմնախնդիրների ժողովրդի, երկրի ու մեր պետականության շահերից բխող համընդհանուր պայքար ծավալելու Ձեր համաձայնությունը` այս կոչը նախաձեռնող խմբին` ըստ որում բացի Ձեր համաձայնությունից ըստ հնարավորին ներկայացնելով նաև ձեր դատողությունները, առաջարկությունները, ինչպես նաև նշված հիմնախնդիրներով ձեզ հայտնի տեղեկությունները` գիտական, գիտահրապարակախոսական և ցանկացած այլ բնույթի` որպիսիք դուք անհրաժեշտ կհամարեք հիմնախնդիր-ների ժողովրդաշահ ու պետականամետ լուծման գործում:

Նախաձեռնող խմբի ղեկավար`

Մալիկ Միրաքի Թելունց

Իրավագետ, պատմաբան.պատմական

գիտությունների թեկնածու, անկուսակցական

Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ,

Հ. Գ. Ըստ որում «նախաձեռնող խումբ» հասկացությունն այստեղ պայմանական է` իրականում այս կոչն իմ նախաձեռնությունն է (այնպես որ մեր ԱԱԾ-ն և մյուսները խմբեր, դավադիրներ, հակապետական բաներ չպետք է փնտրեն…), որը բխում է հրապարակի վրա գտնվող մեր նամակ-առաջարկություններում, աշխատություններում, նաև ավելի վաղ բազմիցս արտացոլված,մեր կոչերից` ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ. սակայն այդպիսի խմբերի ստեղծումը, ինքնուրույն գործելը. ինչպես նաև մեզ միանալու նախաձեռնությունը…մենք պատրաստ ենք գոհունակությամբ ընդունելու: Սա կոչ է ստեղծելու այն,ինչը ցավոք այսօր չկա.անելու այն,ինչը վաղուց արդեն պետք է արվեր. ինչն այսօր ծայրահեղ անհրաժեշտություն է դարձել…

Դատելով առկա իրողություններից առաջադրված խնդիրներն ոչ մի կերպ չեն լուծվելու (իհարկե ցանկալի կլիներ, որ իշխանությունները ի վերջո սթափվեին և ձեռնամուխ լինեին դրանց լուծմանը չսպասելով համաժողովրդական ցասման բռնկմանը.բայց…). դրանք կարող են լուծվել. երկիրը կարող է վերջնական աղետից փրկվել միայն համաժողովրդական հուժկու շարժմամբ (քանի դեռ ժողովուրդ կա` բոլորը չէ, որ հեռացել են երկրից…). շարժում, որը պետք է ձերբազատված լինի (ի տարբերություն նախորդ հայտնի շարժումների…) զանազան մեծ ու փոքր «ժուլիկներից, քաղաքական բախտախնդիրներից, քրեածին տարրերից, «Եվրոպականացված» կիսագրագետ «առաջադիմականներից». անձանցից, որոնք չարագուշակ Գորբաչեվի մի արտահայտությամբ (այս անգամ արդարացի…) «рвутся к власти …».

Ժողովրդական ազնիվ շարժման նպատակը պետք ` լինի ոչ թե իշխանության գրավումը, այլ երկրում արմատական` սոցիալ-տնտեսական և պետաիրավական փոփոխությունը (բնականաբար ցանկալի է, հատկապես մեր երկրի համար, խաղաղ` քանի դեռ դա հնարավոր է…). իրական ժողովրդաիշխանական կարգերի ստեղծումը. միայն այն դեպքում, երբ դրան խանգարողներ, խոչընդոտողներ կլինեն, ապա անկախ դիրքից և սոցիալական վիճակից նրանք պետք է հեռանան կամ հեռացվեն ասպարեզից:

Խաղաղ, համաժողովրդական շարժում` սահմանադրական, էկոլոգիական (բնապահպանական) ևն. որը ոչ միայն պետք է փոխի գոյություն ունեցող իրավաբանորեն և փաստորեն ոչ իրավաչափ, հակաժողովրդական հարաբերություններն ու ինստիտուտները, այլև հետագայում ևս ժողովրդական արդյունավետ վերահսկողություն կիրականացնի իշխանության ձևավորման ու դրա կիրարկման նկատմամբ:

Այս աղետալի վիճակի վերաբերյալ մեր բոլոր դժգոհություններն, անշուշտ, արդարացի են, բայց վաղուց արդեն ժամանակն է ինքնակազմակերպվելու ու գործելու. և ոչ թե սպասել ընտրություններից-ընտրություն հայտնվող «առաջնորդներին» ու կուսակցություններին… այլապես այսպես շարունակվելու դեպքում իրադարձությունների հետագա ընթացքը մեր փոքրիկ“ բզկտված երկիրն ու նրա տարաբախտ ու հուսալքված ժողովրդին անխուսափելիորեն կարող է նետել արյունոտ հեղաբեկումների հորձանուտը կամ տանել անգամ վաղուց արդեն մոռացված հայդուկային պայքարի (որքան էլ որ շատերին սա այսօր անհավատալի կամ նույնիսկ ծիծաղելի թվա…) ուղիով…

Վերջերս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում ասաց, որ Հայաստանում ոչ մի տեսակի իշխանություն չկա. ոչ` որոշ առումով դա այդպես չէ. ՀՀ-ում իշխանություն կա, բայց այդ իշխանությունը ի դեմս կառավարող խմբավորման (կամ կուսակցության ևն) պաշտպանում է ինքն իրեն և ոչ թե ժողովրդին. ուստի այն անխուսափելիորեն կկործանվի, ցավալին սակայն այն է, որ դա շարունակում է նորանոր վնասներ հասցնել նաև երկրին ու ժողովրդին, իսկ հիմնախնդիրների կոնֆլիկտային լուծման դեպքում նոր ու առավել ծանր հետևանքներ կարող են լինել. պետք է հնարավորինս կանխել դա այսօր. չսպասելով վաղվա օրվան…

Ամբողջ երկրի, ժողովրդի շահերից բխող այդ նպատակի իրականացման հարցում երկյուղելու ոչինչ չկա. ես չեմ կարծում թե իրավապահ մարմիններում, զինված ուժերում ծառայող հայ ժողովրդի որդիները` ուստրերն ու դուստրերը չեն տեսնում երկրի այսօրվա աղետալի և վաղվա հնարավոր ավելի ողբերգական վիճակներն ու հանուն մի քանի «բիրդան աղաների» իրենց զենքը կուղղեն ցեղասպանություններ ապրած, այսօր սեփական անկախ երկրից փախչող մեր ժողովրդի վերջին բեկորների դեմ…(… «Մարտի 1-ը» ինչ-որ մեկի, ինչ-որ ուժի «էքսպերիմենտ» էր պարզապես…) նրանք,և ոչ միայն նրանք, հակառակ կեղծ լավատեսական, փարիսեցիական կարգախոսների պետք է գոնե այսօր ընկալեն, որ երկիրը ներսոցիալական այսպիսի աղետալի վիճակում թողնելն ամենամեծ ծառայությունն է արտաքին թշնամուն… Շատ թե քիչ չափով հզոր որևէ երկրի (մեզ հայտնի…) ոտնձգության դեպքում այս հյուծված երկիրը 3-4 ժամ էլ չի դիմադրի. իսկ մենք` մեր «ընդդիմադիրները» հայ-ռուսական համաձայնագրերի դեմ են ընդվզում մոռանալով, որ մեր սահմանները ռուսներն են պահում. 1918-20թթ. փորձը դաս չեղավ. իրոք ինքնուրույն ուժեղ ու անկախ պետություն ստեղծենք և նոր միայն մեծ-մեծ խոսենք. իսկ առավել կամ պակաս չափով իրականում անկախ ու ուժեղ պետություն ստեղծելու համար ներսոցիալական արմատական փոփոխություններ են անհրաժեշտ` առաջին հերթին. բոլոր բնագավառներում. իսկ արտաքին հարաբերությունների առումով` մասնավորապես Ռուսաստանի հետ կապված, պետք է հիշել, որ Ռուսաստանը եղել և մնում է որպես ամենաշահագրգիռ պետությունը մեր տարածաշրջանում. ըստ որում Ռուսաստանն այսօր օր օրի հզորանում է և իր այդ դիրքը ոչ ոքի չի զիջի, դա չհասկանալու դեպքում մենք ավելի ծանր հետևանքների ու փորձությունների կբախվենք, քան 1918-20թթ.` մեր թույլ տված ճակատագրական սխալների հետևանքով էր…Ի վերջո չմոռանանք նաև մեր ժողովրդի մոտ արմատացած բարեկամական զգացումները.Ռուսաստանի, ռուս ժողովրդի նկատմամբ:

Սա ստրկամտություն չէ, այլ պատմության դասերի ու առկա իրողությունների սթափ գնահատական: Մինչև Ռուսաստանին միանալը Արևելյան Հայաստանի բնակչության 49,7%-ը մահմեդականներ էին. հայերը իրենց պատմական տարածքում ընդամենը 38,8%-ին…Իսկ այսօր կարծես թե նորից պատմությունը կրկնվում է` հայերը լքում են սեփական երկիրը. ո՞վ է լցնելու այն. գուցե նորից ղզլբաշնե՞րը…Մտածենք իրոք երկիր, պետություն` առավել ևս անկախ, դարձնել և հետո միայն «մեծ-մեծ» խոսել… Եթե չեք մոռացել. մեր Խաչատուր Աբովյանը ոչ միայն օրհնում էր այն պահը,երբ ռուսական օրհնված ոտքը հայոց լիս աշխարհը մտավ ու մեր երկրից հալածեց ղզլբաշի անիծված չար շունչը,այլև հույս հայտնում.հուշում, որ պետք է օգտվել Ռուսաստանի հետ բարեկամությունից` զորանալով ռուսական արծվի թևերի տակ ու մեր նախկին փառքին հասնել…( տես Խաչատուր Աբովյան, Երկեր,Ե. 1984, էջ 145,204, տես նաև Հայ նոր գրականության պատմություն, ՀՀ ՀՍՍՌ.ԳԱ հրատ.,Ե.,1982,էջ 426 ).Փոխանակ խելացիորեն օգտվելու այդ հարաբերություններից. որոշ ուժեր կարծես թե նոր փորձությունների են ուզում տանել այս հյուծված, սեփական հայրենիքից փախչող ժողովրդին…

Մեր խորին համոզմամբ այսօր մեր առաջնային խնդիրը- դա երկրում արմատական փոփոխություններին ձեռնամուխ լինելն է, որպես երկիրն այս վիճակից հանելու. նրա գոյատևման ու զարգացման հուսալի գրավականի: Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել դրան` օգտվելով խաղաղ, առայժմ մեզ համար առավել կամ պակաս չափով նպաստավոր աշխարհաքաղաքական` արտաքին քաղաքական վիճակից. անհարկի հապաղումը կարող է կործանարար լինել…

Մենք նաև համոզված ենք, որ անկասկած այս «օրինակելի» կոչը, նաև նամակ-խնդրագիրը` ՀՀ բարձրագույն իշխանությանն ուղղված, բխում է ՀՀ (և ոչ միայն ՀՀ) հազարավոր, հարյուր-հազարավոր քաղաքացիների օրինական շահերից ու արդարացի պահանջներից` որից ելնելով էլ մենք այն նախաձեռնել ենք ու դրան միանալու ենք կոչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ:
    Սկսենք.
    ՀՀ բոլոր գյուղացիները անվստահություն են հայտարարում իրենց գյուղապետնտերին և վերացնում այդ պաշտոնը բոլոր գյուղերում::
    Քաղաքացիները` համայնքապետերին ,ապահ քաղաքապետերին:
    Կոտրում են մառզպետների, իշխանամետ կառույցների կատաղի դիմադրությունը ձեռքի տակ ունեցած ցանկացած միջոցներով:
    Ապա կհայտնվի մի լիդեր , Կարծոմ եմ , այս անգամ ՀԱՅԸ չի համարձակվի ընտրակաշառել Հայաստանի և Արցախի այն ոչխարներին ,որոնք մինչ այսօր վերցնելով 5000-20000 դրամ մեզ հասցրին այս թշվառ վիճակին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031