Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի ուզում իրեն ծանրաբեռնել, գինեգործներն էլ գաղտնի են օղի թորում

Հունվար 13,2014 18:27

Տասը տարի անընդմեջ Հայ գինեգործները դիմում են կառավարություն` խնդրելով գինեգործների համար չկիրառել ալկոհոլի թորման համար նախատեսված 15 մլն դրամի տարեկան տուրքը: 15 միլիոն դրամ հարկի պատճառով տուժում են նաեւ գինեգործությամբ զբաղվող բարեխիղճ գործարարները: Ըստ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի, կոնյակի եւ օղու կեղծումները վերացնելու համար 10 տարի առաջ կառավարությունը որոշեց տուրք սահմանել, սակայն այդ որոշումը հարվածեց գինի արտադրող ընկերությունների բիզնեսին:

Ավագ Հարությունյանի ներկայացմամբ, կառավարությունը կարող էր շատ հեշտ այդ կեղծումները հայտնաբերել վաճառքի, այլ ոչ թե պատրաստման ժամանակ. «Ոչ ոք էլ չի գնում, տեսնում՝ ով ոնց է պատրաստում»,- նկատեց պարոն Հարությունյանը: Նրա խոսքերով. «Մենք մի տասը տարի է՝ անընդհատ պայքարում ենք, բան դուրս չի գալիս, հիմա դաշտը լրիվ ձեւավորվել է, կեղծիքն այն մակարդակներով չի եւ այն պայմանավորված չէ այդ 15 միլիոնով կամ ոչ ամբողջովին է պայմանավորված 15 միլիոնով: Եղան գործընթացներ, որոնց շնորհիվ դաշտը մաքրվեց կեղծիքներից: Այդ 15 միլիոնը ի սկզբանե մտցրեց անհավասար մրցակցություն, այսինքն` փոքրը, միջինը եւ խոշորը գտնվեցին անհավասար մրցակցության դաշտում, որովհետեւ կոնյակը եւ օղին շատ եկամտաբեր բիզնեսներ են, իսկ գինին` պակաս եկամտաբեր, այդ պատճառով էլ գինի արտադրողները չկարողացան արտադրել օղի եւ կոնյակ»:

Ըստ Ավագ Հարությունյանի, գինի արտադրողները միշտ ունենում են արտադրական մնացորդներ եւ վատ որակի գինի. «Բոլոր երկրներում էլ, բոլոր ժամանակներում գինի արտադրողներին թույլատրվել է, որպեսզի իրենց վատ որակի գինուց կամ արտադրական մնացորդներից թորեն խաղողի օղի, սա բերել է գինի արտադրողներին լրացուցիչ եկամուտ եւ  աշխատատեղ է ապահովել եւ բացի դա, այդ վատ որակի գինին չեն վաճառել ժողովրդին, այսինքն` հիմա այս խաղողի օղին, որպեսզի արտադրեն, նույն 15 միլիոնը պետք է վճարեն: Եվ քանի որ չունեն այդ 15 միլիոնը, իրենց արտադրական մնացորդները թափում են կամ էլ` գաղտնի թորում ու գաղտնի վաճառում են` չվճարելով պետության հարկերը»:
Պարոն Հարությունյանի խոսքերով, արտադրական մնացորդներից օղի թորելը 3-4 հազար տարի մեր մշակույթի անբաժան մասն է եղել, եւ այն գինի արտադրողների համար տեխնոլոգիական անբաժանելի եւ անխուսափելի գործընթաց է:

Ի պատասխան գինեգործների բողոքներին, Ավագ Հարությունյանն ասաց, որ կառավարությունից հայտնել են, թե չեն կարող ընդառաջել, քանի որ կոնյակագործներից ու օղի արտադրողներից գինեգործներին տարանջատելով, կառավարության գործը կավելանա, ուստի, վարչարարության ավելացմանը զուգահեռ, կառավարությունը չի կարող պատշաճ վերահսկել մյուս կարեւոր ճյուղերը:

«Այսինքն` կառավարությունը հասկանում է, որ խնդիրը կա, բայց ասում է, եթե ես խնդիրը լուծեմ ինչպես դուք եք առաջարկում, իսկ մենք առաջարկում ենք ընտրողական սանդղակ սահմանել` կախված ներքին շրջանառությունից, մթերված խաղողի քանակից եւ այլն: Եվ եթե ասենք` այդ օղին սահմանվածից ավել կազմի, ապա համամասնորեն վճարենք, սակայն ոչ թե 15 միլիոն, այլ` ինչքան որ կառաջանա: Արդյունքում կստանանք լրացուցիչ եկամուտ, չենք թափի բարիքները, արդյունքում ստվերից դուրս կգա գաղտնի օղեթորումը, գաղտնի օղեվաճառքը, աշխատատեղեր կստեղծվեն, արդյունքում մարդիկ չեն դառնա հանցագործ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031