Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կարճել է զինվորական ծառայությունից հրաժարվելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ հարուցված քրգործը

Հունվար 13,2014 17:55

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, կարճել է կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու մեջ մեղադրվող Էդմոնդ Փեթակչյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Դատարանը նաեւ դադարեցրել է  նրա նկատմամբ քրեական հետապնդումը` վերացնելով որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն մեղադրական եզրակացության` Էդմոնդ Փեթակչյանը կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել էր զինվորական ծառայությունից` այդկերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012 թվականի գարնանային զորակոչից` չունենալով ազատվելու օրինական հիմքեր:

Դատարանը պարզել է, որ ամբաստանյալ Էդմոնդ Փեթակչյանը մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու մասին, որի հիման վրա «Այլընտրանքային ծառայության» հարցերով հանրապետական հանձնաժողովը 2013 թվականի հոկտեմբերի 23-ին որոշում է կայացրել նրան «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում որպես խնամող սանիտար այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու մասին:

Իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն` կարճվում է դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցվում քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031