Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում

Հունվար 13,2014 18:16

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց  Հայաստանի ազգային արխիվում`2013թ-ին կատարված աշխատանքներին եւ 2014 թ-ի  ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Մինչ խորհրդակցությունը` փոխվարչապետը  ծանոթացավ արխիվի երեք մասնաշենքերի, ինչպես նաեւ պահոցների  հիմնանորոգման, ջերմամեկուսացման  աշխատանքներին, որոնք իրականացվել են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից`  Համաշխարհային բանկի էներգախնայողության ծրագրի շրջանակում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ կատարված աշխատանքների շնորհիվ  պահոցներում փաստաթղթերի պահպանման համար  առավել անվտանգ պայմաններ են ստեղծվել:

Խորհրդակցության ընթացքում Ա. Վիրաբյանը ներկայացրեց 2013 թ.  իրականացրած աշխատանքների  մասին հաշվետվությունը, ինչպես  նաեւ 2014 թ. անելիքները: Ա. Վիրաբյանի տվյալներով`  2014թ.  հունվարի  1-ի  դրությամբ  արխիվում  առկա  է  6.667  արխիվային  ֆոնդ` 4.120.837  արխիվային  գործով, այդ  թվում`  320.585 պ.մ.  կինոֆոտոֆոնո փաստաթուղթ:

Տեղեկացվեց, որ 2013թ-ին նույնպես շարունակվել են փաստաթղթերի թվայնացման աշխատանքները:  էլեկտրոնային շտեմարանի ստեղծման համար  թվայնացվել է մոտ 120  հազար թերթ փաստաթուղթ, ինչպես նաեւ 1.431 պահպանման միավոր արխիվային  կինոֆոտոֆոնո  փաստաթուղթ (կինոնկար, լուսանկար):

Արխիվային  պահպանության  է  ընդունվել  18.831  գործավարական, 14.821`  անձնակազմին  վերաբերող, 1.896  անձնական  ծագում  ունեցող  գործ  եւ  3.179  կինոֆոտո  փաստաթղթեր:  Պատասխանվել  է  քաղաքացիներից ստացված  28.620  սոցիալ-իրավական  բնույթի  հարցման: 2013թ. արխիվն  ունեցել  է  571  ուսումնասիրող` նախորդ  տարվա  524-ի փոխարեն:

Կազմակերպվել է 14 թեմատիկ ցուցահանդես ինչպես  արտերկրում, այնպես էլ հանրապետության մարզերում: Լույս  են տեսել փաստաթղթերի  եւ  նյութերի   2  ժողովածու, մեկ  հանրագիտարան  եւ մեկ  համացանկ,  այդ թվում` «Հայոց  ցեղասպանությունը  Օսմանյան  Թուրքիայում: Վերապրածների  վկայություններ»  փաստաթղթերի  ժողովածուի անգլերեն  հրատարակությունը:

Շարունակվել  է  Լեռնային  Ղարաբաղի  պետական  արխիվին  ծրագրավորված օգնության ցուցաբերումը` պետարխիվը  նոր  փաստաթղթերով  համալրելու  ուղղությամբ:  Հայաստանի ազգային արխիվի  աջակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ա. Վիրաբյաննն առանձին անդրադարձավ նաեւ  արխիվային  գործում  բարեփոխումների  իրականացման, այդ թվում` արխիվային ծառայությունների ներդրման հայեցակարգի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նշվեց, որ  ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի ազգային արխիվի  տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը,  Ազգային արխիվի եւ նրա տարածքային ստորաբաժանումների միջեւ ստեղծվել է  կորպորատիվ ցանց, արխիվային տեղեկություն ստանալու համար դիմումների առցանց  համակարգ է ներդրվել:  Ակնկալվում է, որ  ՀՀ կառավարության կողմից առաջիկայում  կընդունվեն  «ՀՀ արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգը»  եւ ««Հայաստանի  ազգային  արխիվ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016թթ. ծրագիրը»,  որոնցով  լուրջ բարեփոխումներ  են առաջարկվում: Մասնավորապես նախատեսվում է արդիականացնել ենթակառուցվածքները, արխիվը վերազինել ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, այդ նպատակով տարբեր աղբյուրներից 2014-2016թթ. ներդնել մոտ 420 մլն դրամ, անցում կատարել արխիվից օգտվողներին առցանց տեղեկությունների մատուցման գործընթացին, կանոնակարգել էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումը, պահպանումը եւ օգտագործումը:

Փոխվարչապետը կարեւորեց բարեփոխումների իրականացումը` ընդգծելով, որ  արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների կիրառումն անհրաժեշտություն է:  Նա հույս հայտնեց, որ  հայեցակարգն ու արդիականացման  ծրագիրը շուտով կընդունվեն, եւ  նախատեսվող բարեփոխումները  կիրականացվեն ողջ ծավալով ու սահմանված ժամկետներում, իսկ դրանց արդյունքն առաջիկա տարիներին տեսանելի կլինի նաեւ արխիվային ծառայություններից օգտվող քաղաքացիների համար:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031