Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Մոսկվայում գործող Նորվեգիայի դեսպանատան արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, նախորդ տարվա դեկտեմբերից իրականացնում է «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագիրը:
Ծրագիրը միտված է համայնքի զարգացմամբ մտահոգված ակտիվ և խելացի երիտասարդների օգնությամբ վերհանել Լոռու մարզի համայնքներում առկա իրավական, բնապահպանական ու մարզի տնտեսական զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու լուծում տալ դրանց:
«Ծրագրում ընդգրկված են լինելու ակտիվ երիտասարդներ, ովքեր ուզում են համայնքում լուրջ փոփոխություններ իրականացնել: Հիմա քննարկման փուլում ենք` թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, որ կարողանանք փոփոխություններ մտցնել, ու դրա համար ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի օգնական Լիլիթ Սինդոյանը:
Ծրագրի մասնակիցներից Լիլիթ Զուրաբյանն էլ նկատում է, որ այսօր երիտասարդները հատկապես իրավական ոլորտում տեղեկացվածության պակաս ունեն:
Մասնակցելով ծրագրին` նա նպատակ ունի դսսընթացների եւ խաղերի միջոցով լրացնելու այդ բացը:
«Օրինակ, ճամբարների ընթացքում նախատեսում ենք սեմինարներ անցկացնել բնապահպանության, իրավական թեմաների վերաբերյալ, նաեւ թեմատիկ խաղեր կազմակերպել: Շեշտը դնելու ենք կրթության, ուսուցման վրա», եզրափակում է ուսանողը:
Ծրագրի իրականացման համար դրամաշնորհ է տրամադրվելու` 2500 դոլարի սահմաններում:
Ծրագիրը տեւելու է մինչեւ սեպտեմբեր:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ