Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. «Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի է ոչ միայն ինձ, այլև ձեզ համար: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այստեղ են ոչ միայն քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողները, այլ նաև այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն ինչպես մեր երկրի ու քաղաքի, այնպես էլ լրատվական դաշտի զարգացման գործում, նաև միջին և ավագ սերնդի լրագրողները, ովքեր իրենց նպաստն են բերել 4-րդ իշխանության կայացմանը: Նախորդ տարին, անշուշտ, բավական հարուստ էր իրադարձություններով, որոնց մի մասն էլ առնչվում էր Երևանի քաղաքապետարանի գործունեությանը: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, ովքեր իրադարձությունների օբյեկտիվ ու անաչառ լուսաբանմամբ նպաստեցին հասարակությանը ճշմարիտ տեղեկատվություն մատուցելուն: Ավելին, իմ համոզմամբ անցած տարի Երևանի քաղաքապետարանի աշխատանքը լրատվամիջոցների հետ եղել է բավական արդյունավետ՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են համընկել մեր դիրքորոշումներն ու կարծիքները: Ամեն դեպքում, միշտ հիշենք, որ մենք բոլորս ապրում ենք Երևանում, ու հաստատ չկա մեկը, որ չսիրի Երևանը, չուրախանա նրա հաջողություններով, չանհանգստանա նրա ապագայի համար: Եվ այս տեսանկյունից ուզում եմ, որ բոլորս միավորենք ապագան ավելի լավը դարձնելու մեր ջանքերը, առավել ևս, որ մեզ իսկապես մեկ ընդհանուր նպատակ է միավորում` հարմարավետ, մաքուր, բարեկարգ ու ավելի լավը տեսնել մեր սիրելի քաղաքը: Եվ այս հարցում ես իսկապես ակնկալում եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս ձեզ տեսնելով իսկապես շահագրգիռ, նաև օբյեկտիվ գործընկերների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նաև լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2014թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվեն Երևանի զարգացման ծրագրերում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն