Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպումը` քննարկելու 2013 թվականին իրականացված ծրագրերը, ծագած խնդիրները և դրանց հաղթահարման միջոցները, ինչպես նաև 2014թ.-ին նախատեսվող միջոցառումները: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համազգային խնդիրների լուծման ուղղությամբ հոլանդահայ համայնքի կատարած և նախատեսվող աշխատանքներին, դրանց բարելավման ուղիներին, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին առավել ակտիվ մասնակցության ապահովման հարցերի վրա: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հոլանդահայ մանուկների ու երիտասարդների հայեցի դաստիարակման հարցերը և դրանցում կիրակնօրյա դպրոցների ու ստեղծված կրթական հարթակի աճող դերը:
Վերջում’ դեսպան Ձ. Աղաջանյանը, ներկաներին շնորհակալություն հայտնեց հայապահպանության գործում ունեցած անշահախնդիր վերաբերմունքի համար, պատասխանեց առաջ քաշված հարցերին, բարի Ամանոր մաղթեց` հորդորելով պահպանել ազգային միասնականության ոգին և ամրապնդել համագործակցությունը կազմակերպությունների ու կառույցների միջև:
«Նիդերլանդական Օրագիր»