Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» ամբաստանյալի պաշտպանը պահանջում է արդարացնել կամ համաներում կիրառել

Հունվար 13,2014 16:30

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, ամբաստանյալներ Դավիթ Ադամյանը եւ Նորայր Հայրապետյանը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը անդրադարձավ դատախազի մի արտահայտությանը, այն է՝ «երկար ժամանակ ընթացող դատաքննությամբ պարզվեց, թե ով է կատարել հանցագործույթունը»: Նա հարցով դիմեց, թե այդ դեպքում, եթե որեւէ ապացույց չկա, ինչո՞ւ եք ինձ 13 տարի դատում: Նա ասաց, որ օգնել է ճշմարտությունը բացահայտելու. «Սպորտսմեն տղա եմ, խփել եմ եւ ոչ դիտավորությամբ կատարվել է… Դա կարող է լինել ռինգում, ես իմ արածն ընդունում եմ, բայց ինչո՞ւ 13 տարի»: Նա հորդորեց դատարանին, որ իրեն դատեն իր արածի համար եւ առանց նպատակ ունենալու քաղաքականացնելու: Ըստ նրա, բոլորին էլ հասկանալի է, որ հասարակությունն է պահանջում դա եւ ասաց, որ հասարակությունը թող իրեն չդատի եւ որ ինքը իր խղճի առաջ է պատասխանում:

Պաշտպանական ճառի ժամանակ ամբաստանյալը անդրադարձավ տուժողների ներկայացուցիչ, այսօրվա դատական նիստից բացակա Տիգրան Եգորյանին, սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը ընդհատեց, երբ Նորայր Հայրապետյանն ասաց. «Եգորյանը քաղաքական ուժերի կողմից է գործում»:

Ամբաստանյալ, «Հարսնաքարի» մատուցող Դավիթ Ադամյանն ասաց, որ ճշմարտությունն է հայտնել դատարանում, ասաց, որ ինքը չի եղել դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում, բնականաբար ծեծին չի մասնակցել, իսկ այն, որ ինքը անուն է տվել, պայմանավորված է նրանով, որ 35 տարեկան տղա է, ոչ մի անգամ ոստիկանությունում չի եղել եւ ենթարկվել է այնպիսի ճնշումների, որի ժամանակ կտար ցանկացած անուն: Նա ասաց, որ հանգուցյալ Վահե Ավետյանին հարվածել է միայն նրա համար, որ հայհոյել է իր ընտանիքին: Ամբաստանյալն ասաց, որ ոչ մի անգամ որեւէ մեկին չի ցավացրել եւ ինքը շատ կուզեր, որ տուժողները հայտնեին, թե դեպքի օրը իրենք ինչ ձեւով են իրենց պահել:

Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան, պաշտպան Սերգեյ Մկրտչյանը դատարանից խնդրեց դադարեցնել քրեական հետապնդումը իր պաշտպանյալի նկատմամբ, արդարացնել նրան եւ հորդորեց դատարանին «դուրս գալ կարծես թե քաղաքական էմոցիոնալ հարթությունից» կամ վերաորակել կատարված հանցագործությունը քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով (առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը), ըստ այդմ նրա նկատմամբ կիրառել համաներման ակտը եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:

Սերգեյ Մկրտչյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վիճաբանելու մտադրություն չի ունեցել եւ այլ խնդիր է, թե ինչպես են նրա պահանջին վերաբերվել այդ գործով տուժողները՝ ռեստորանի հաճախորդները: Պաշտպանական ճառում փաստաբանը նկատեց, որ տուժողները նախաքննության ընթացքում տվել են հակասական ցուցմունքներ, սակայն դրանով հանդերձ տուժողներից որեւէ մեկը չի նշել, որ 2012թ. հունիսի 17-ին՝ դեպքի օրը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում տեսել է Դավիթ Ադամյանին:

Մեջբերելով տուժողների հետ Դավիթ Ադամյանի ճանաչման արձանագրությունը, պաշտպանը նշեց, որ տուժողները հայտնել են, որ միայն տեղյակ են, որ Դ. Ադամյանը Ավետյանի դեմքին է հարվածել ձեռքով, իսկ ավտոկայանատեղիում նրան չեն տեսել: Ըստ Սերգեյ Մկրտչյանի, դեպքից 43 օր հետո առերեսման ժամանակ տուժողները նախկինում տված իրենց ցուցմունքները «զարմանալիորեն փոխել են», բացառությամբ տուժող Էդգար Նիկոյանի, որը հայտնել էր, որ ավտոկայանատեղիում չի տեսել Դավիթին: Ավելին՝ ըստ պաշտպանի, քանի որ Էդգարը մարմնական վնասվածք չի ստացել, հնարավորություն է ունեցել սթափ նայել իրավիճակին:

Դատական նիստերի դահլիճը պատշաճ պատրաստված չէր, նիստը ավելի փոքր դահլիճում է շարունակվում, հայտարարվել է կարճ ընդմիջում, քանի որ մեկ այլ նիստ է տեղի ունենալու:

Դատական նիստը սկսելուն պես պաշտպանական ճառով հավանաբար հանդես գան ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը եւ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Տուժողներից, նրանց ներկայացուցիչներից եւ իրավահաջորդի ներկայացուցիչը ներկա չեն դատական վիճաբանությունների այս փուլին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031