Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը վեր է դասում պետպաշտոնյային պաշտպանելու գործառույթը. Աշոտ Մելիքյան

Հունվար 13,2014 16:10

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ոստիկանության՝ օրերս տարածած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտելը չի հիմնավորվել:

«Ոստիկանությունը թերի է ուսումնասիրել այդ միջադեպը, ես դրանում համոզված եմ, որովհետեւ եթե անկախ փորձագետը նայի, կտեսնի, որ լրագրողները չեն կարողանում գնալ այն սրահ, որտեղ պետք է իրենց գործունեությունն իրականացնեին, մասնավորապես Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզը պաշտպանելը լուսաբանել եւ դա իրենց չի հաջողվել: Չկա այլ տարբերակ, քան մասնագիտական գործունեության խոչընդոտում, մանավանդ որ տեսագրությունը կա, եւ մենք տեսնում ենք, թե ինչ լկտի են իրենց պահում ուսանողները, ռեկտորն էլ չի սաստում ուսանողներին: Մի խոսքով մենք՝ մի քանի լրագրողական կազմակերպություններ մեր հայտարարության  մեջ մեր մոտեցումը եւ գնահատականները տվել ենք, համարում ենք, որ սա լրագրողների մասնագիտական գործունեության դասական խոչընդոտում է»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Հիշեցնենք, որ լրագրողական կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պահանջել են՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն՝ տեղի ունեցածի վերաբերյալ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից՝ քննել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու հարցը՝ ուսանողներին անբարո գործի մեջ ներքաշելու համար, իրավապահ մարմիններից՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։

Ինչ վերաբերում է ոստիկանության հայտարարության այն հատվածին, որտեղ խոսվում է նաեւ լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն եւ խնդրի քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտ տեղափոխվելուն, ըստ որի խնդիրը ենթակա է լուծման դատական կարգով, այս մասին էլ պարոն Մելիքյանն ասաց. «Չի կարող միայն քաղաքացիաիրավական հարց լինել, եթե լրագրողական գործունեության խոչընդոտում է տեղի ունենում, դրա համար հստակ հոդված կա Քրեական օրենսգրքում՝ 164-րդ հոդվածը: Ոստիկանությունը պարտավոր էր այդ հոդվածին համապատասխան գնահատել միջադեպը: Կարծում ենք, որ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ոստիկանությունն ուղղակի վեր է դասում իր այլ ֆունկցիան, այսինքն՝ պետական պաշտոնյային պաշտպանելու ֆունկցիան, եւ օրենքի գերակայությունը միշտ չի, որ իրականացվում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031