«Սա այն դեպքն է, երբ պետք է ասել, որ դուք երկուսդ էլ, պարոնա՛յք, ընդհանրապես խոսելու տեղ չունեք»,-Aravot.am-ի հարցին` ավելի համոզիչ էին Տիգրան Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի փաստարկները տարեվերջին ծագած Քոչարյան-Սարգսյան հրապարակային բանավեճում, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա`«ամեն մեկը ստեղծված իրավիճակում իրենց ձեռնտու տարրեր է վերցրել տարփողում` ցույց տալու համար, թե ինքն ինչքան լավ բան է անում` հակառակ դիմացինի»:
Ռուբեն Մեհրաբյանը Քոչարյան-Սարգսյան բանավեճում մանիպուլյացիոն գործողություններ է նկատում և հիշատակում վերջնաարդյունքը` այնտեղ, որտեղ հասել ենք:
Հիշեցնենք, որ հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է գազային համաձայնագրին, կենսաթոշակային կուտակային համակարգին և կառավարության, մասնավորապես Տիգրան Սարգսյանի գործունեությանը, իր` քաղաքականություն վերադառնալու հարցին:
Հետաքրքրվեցինք` հարցազրույցի շարունակությունը հիմնավորե՞ց այն կարծիքները` համաձայն որոնց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում, թե՞ ընդհակառակը: Պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Կարդալով այդ հարցազրույցը` մենք չտեսանք, որ Ռոբերտ Քոչարյանը բացառում է իր վերադարձը մեծ քաղաքականություն, ավելին, նա ասեց, որ շարունակելու է անդրադառնալ երկրում տեղի ունեցող անցուդարձին` անկախ նրանից` կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ոչ: Նա չի բացառում իր վերադարձը, դեռ մի բան էլ պարզաբանում է, թե հետագայում այդ առումով ինչ է անելու»:
Կարդացեք նաև
Պարոն Մեհրաբյանը շեշտեց. «Ռոբերտ Քոչարյանը մնում է քաղաքական գործիչ, իսկ քաղաքական գործիչն արտահայտվում է ոչ միայն նրա համար, որ մտքերն ու մտադրություններն արտահայտի, այլև թաքցնի իրական մտքերն ու մտադրությունները»:
Մեր այն հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքում իրավիճակը սրելու միտում տեսնո՞ւմ է, քանի որ երկրորդ նախագահը խոսում է «Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր…Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է» բառապաշարով, պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Իրավիճակը ոչ թե կսրվի, կամ ոչ`կախված նրանից, թե ինչ կասի կամ չի ասի Ռոբերտ Քոչարյանը, այլ այսօր էլ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ աբսուրդի չափաբաժինը կրիտիկականից այնքան է անցել, որ հետագա սրացումը, ինչը անխուսափելի եմ համարում, այնուամենայնիվ որևէ կերպ պայմանավորված չէ և չի էլ լինելու Քոչարյանի հարցազրույց տալու կամ չտալու, միտք արտահայտելու կամ չարտահայտելու հանգամանքով»:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Քոչարյանի վերադարձը հնարավոր է համարում, բայց նաև նշում. «Սա ավելի շատ բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաների միջև եղած խնդիրների առկայությանն եմ վերագրում: Եթե նման սրացում լիներ ընտրություններից առաջ, կլիներ տրամաբանության մեջ, կմտածեինք, որ նախկին նախագահը ուզում է քաղաքականություն վերադառնալ: Ուստի իրավիճակի սրումը ոչինչ չի տալիս Ռոբերտ Քոչարյանին: Սա վերագրում եմ քաղաքական գործիչների միջև եղած միջանձնային հարաբերությունների արդյունք, երբ ՀՀ վարչապետը քննադատեց նախորդ կառավարությանը»:
Պարոն Քեռյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ ներկայիս և երկրորդ նախագահները նույն քաղաքական թիմից են և գաղափարական բախումներ հիմա չունեն ու նկատեց. «Այստեղ Ծառուկյանի, վարչապետի, 2-րդ նախագահի խառնվելը բանավեճին պարզապես գտնվում է միջանձնային հարաբերությունների մակարդակում»:
Մեր հարցին՝ զուգադիպությո՞ւն էր այն, որ ՀՀ նախագահը հենց այս շրջանում է մեկնել արձակուրդ, թե՞ գերադասում է չխառնվել բանավեճին, պարոն Քեռյանը պատասխանեց. «Արձակուրդում գտնվող նախագահը երբեք չի կտրվում ներքաղաքական ու երկրի կառավարման գործերից: Ուստի հարցական է առաջացնում նրա լռությունը: Ո՞րն է իշխող վերնախավի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը ՀՀ երկրորդ նախագահի քննադատությանը` ուղղված կառավարությանը և վարչապետին: Այդ լռությունն է հարցականներ դնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեք ոճռագործները։