Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը պահանջում են իրենց տրված նպաստների թափանցիկ հաշվետվությունը (Տեսանյութ)

Հունվար 13,2014 14:33

Որոշ անապահով սիրիահայերի հասանելիք ամսական նպաստը չի վճարվել, այս մասին սիրիահայերը բարձրաձայնել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված խմբում: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում լրագրողներին տեղեկացրին խմբի ներկայացուցիչները:

Սիրիահայ Ռոբերտ Սյուլահյանի խոսքերով` նպաստների բաշխման թափանցիկությունն ու ծախսած գումարներն ու իրական օգնությունը պարզելու համար դիմել են սփյուռքի նախարարությանը, որպեսզի վերջինս հաշվետվություն ներկայացնի հանրությանը. նախարարությունը սիրիահայերին խոստացել է այսօր ամբողջ հաշվետվությունը ներկայացնել. «Մեր պահանջածը, որ թվերով ու տեղեկություններով, մեր պահանջածն այդ է, որպեսզի մեկը չասի, թե այս նպաստը մեկ մասը հոն գնաց, մեկ մասը հոս գնաց, մեկը գրպանեց, մեկը` չգրպանեց»:

Իսկ գրպանելու խոսակցություն, ըստ պարոն Սյուլահյանի, ֆեյսբուքյան համապատասխան խմբում շատ է լինում, սակայն դեռ փաստեր չկան:

Սիրիահայերի ներկայացմամբ` օգնությունը բարեգործական տարբեր միջոցներով է հավաքվում, ապա այն բաշխվում սփյուռքի նախարարության միջոցով:

Պարոն Սյուլահյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նրանք, ովքեր չեն ստացել նպաստը, հնարավոր է պարզապես իրենց մասին տեղեկություն չեն հայտնել նախարարությանը, ուստի ցուցակից դուրս են մնացել:

Առայժմ դեռ պարզ չէ, թե քանի անապահով սիրիահայ ընտանիք չի ստացել այդ օգնությունը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, սիրիահայ Վազգեն Պերղուպյանն էլ ասաց, որ ամեն ընտանիքի ամսական 30 դոլարի չափի օգնություն է տրվում, հաշվառված 11 հազար սիրիահայերից, այս օգնությունը մոտ 3000-ին է բաժին ընկնում, այսինքն 3000-ն են համարվում կարիքավոր:

Սիրիահայերի ներկայացմամբ` տարեկան մոտ 1 միլիոն դոլար որպես աջակցություն է տրվում այս ընտանիքներին, եւ նախարարությունը պարտավոր է ներկայացնել յուրաքանչյուր ծախսած դոլարի մասին հաշվետվությունը:

Հարցին, թե Համահայկական հիմնադրամն էլ պետք է գումար հատկացներ սիրիահայերին, Ռոբերտ Պերղուպյանն ասաց. «Համահայկական հիմնադրամն էլ նախորդ տարի 22 միլիոն դոլար էր հավաքել, որի 10%-ը սիրիահայերինն է: Էլի խոսակցություններ եղան` թե ո՞ւր գնացին էդ գումարները: Հիմա այսօր մեր հավաքի նպատակը, որ ասվի, թե ուր գնացին գումարները: Հնարավոր է այդ գումարները ծախսված է, ոչ թե մսխված է, այլ` ծախսված, դրա համար պետք է թափանցիկ ներկայացնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031