Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2014 թ- ի հունվարի 10-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին, Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:
Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը իրականացնում է Լեհաստանը:
Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը:
Վերոհիշյալի առնչությամբ` 2014 թ-ի հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում, այլ ոչ թե Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանությունում: