Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքների քննությունը:
Հիշեցնենք, որ պարոն Ալումյանը բողոքարկում է Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ղազարյանի որոշումները:
Պարոն Ալումյանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց երկուշաբթի օրը, որ այդ ընթացքում ինքը հասցնի ծանոթանալ քննիչի ներկայացրած քրեական գործի նյութերի ցանկին: Հիշեցնենք, որ նախորդ բոլոր նիստերին քննիչը հրաժարվում էր ներկայացնել նյութերը: Ներկայացնում էր նյութերի մի մասը` ըստ իր ընտրության:
«Ինչքան նվաստացուցիչ է դատարանի համար, որ քննիչն է որոշում, թե դատարանը ինչ նյութերի հիման վրա պիտի որոշի՝ արդյոք ես եմ ճիշտ՝ որպես բողոք ներկայացնող, թե քննիչը՝ որպես սուբյեկտ, որը այդ որոշումները կայացրել է»,- դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց պարոն Ալումյանը: Իսկ քննիչի ներկայացրած նյութերի ցանկն էլ համարեց առաջընթաց. «Քննիչը պարտավոր էր ներկայացնել նյութերը, բայց այսքան ժամանակ նա ինը հատորից բաղկացած քրեական գործից գոնե մի հատոր չէր ներկայացնում: Իսկ այսօր էլ ներկայացրեց նյութերի ցանկը: Սա էլ է արդեն դրական տեղաշարժ, մինչեւ երկուշաբթի կծանոթանամ ցանկին եւ դատարանին կհայտնեմ` այդ ցանկի հատկապես որ նյութերն եմ պարտադիր համարում, որ դատարանը քննիչից պահանջի»:
Կարդացեք նաև
Պարոն Ալումյանի համոզմամբ, դատարանում պատշաճ ձեւով իրենց ներկայացրած բողոքները հիմնավորելու քննիչի բոլոր փորձերը ապարդյուն են. « Քննիչը այլեւս չի կարողանա ճողոպրել, ամեն ինչ ներկայացնելու է: Ամենավերջում էլ այս գործում վերականգնվելու է արդարությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ