Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի «աղավնիական կոնցեպցիան», գունազարդ աղյուսակները եւ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը

Հունվար 13,2014 13:44

«Ես կարծում եմ, որ վարչապետի հիմնավորումներում կար մի թեզ` նա փորձեց սրբագրել իր ասուլիսի շեշտադրումները: Ասուլիսի ժամանակ, նա փաստացի մեղադրեց նախորդ կառավարությանը` տնտեսական փուչիկի ստեղծման համար: Իսկ իր վերջին պատասխանում նա սրբագրեց` ասելով, որ այդ փուչիկի մեջ ոչ ոք մեղավոր չէր` ոչ նախկին կառավարությունը, ոչ էլ ինքը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան շարունակվող մեղադրանք-պարզաբանումները:

Ըստ մեր զրուցակցի, եթե Տիգրան Սարգսյանը մեղադրում է նախկին կառավարությանը, ապա ստացվում էր, որ ինքը` ներկայիս ՀՀԿ-ական վարչապետը մեղադրում է նախկին ՀՀԿ-ական վարչապետին ու այս իմաստով տրամաբանական է համարում, որ երբ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Տիգրան Սարգսյանին` ՀՀԿ-ից ոչ ոք չարձագանքեց: Քանզի, այդպիսով, նրանք բավականին ծիծաղելի վիճակում կհայտնվեին` փաստացի մեղադրելով Անդրանիկ Մարգարյանի կառավարության տնտեսական գործունեությունը: Այժմ, հաշվի առնելով սույն հանգամանքը, ըստ մեր զրուցակցի, Տիգրան Սարգսյանը որդեգրեց «աղավնիական կոնցեպցիան»` ներկայացնելով աղյուսակների մի համակարգ` փորձելով ցույց տալ, որ եւ շինարարական փուչիկն է օբյեկտիվ բնույթ կրել, եւ դրա պայթումն էլ: Երվանդ Բոզոյանը նման մոտեցումը «հասկանալի քաղաքական մոտեցում» է համարում, քանզի, տնտեսական ձախողումների ողջ պատասխանատվությունը, որպես գործող վարչապետի, հենց Տիգրան Սարգսյանի վրա է դրված, մանավանդ, որ 2008-ի հետ համեմատած Հայաստանի ՀՆԱ-ն փաստացի կրճատվել է 20 տոկոսով եւ կառավարությունն ու քաղաքական իշխանությունն իրենց ծրագրային դրույթներում նպատակադրվել են 2015 թվականին հասնել 2008-ի մակարդակին:

Ինչ վերաբերվում է Տիգրան Սարգսյանի պարզաբանումների առիթով հնչեցրած Ռոբերտ Քոչարյանի պատասխանին, ապա Երվանդ Բոզոյանը բնական է համարում, որ վերջինս չէր կարող բավարարված լինել Տիգրան Սարգսյանի ձեւակերպումներով:

Տիգրան Սարգսյանի պարզաբանումներին դետալային անդրադարձում, մեր զրուցակիցը, շինարարական փուչիկի օբյեկտիվ բնույթի մասով նկատում է, որ նման իրավիճակներ եղել են աշխարհի բոլոր երկրներում` ԱՄՆ, Պորտուգալիա, Իսպանիա եւ մի շարք այլ եվրոպական երկրներում, բայց բոլոր երկրներում էլ փորձ է արվել դիվերսիֆիկացնել այդ շինարարական փուչիկ կոչվածը` փորձելով այնպիսի պայմաններ ստեղծել բիզնեսի այլ որոտներում, որպեսզի շինարարական կորուստների հետեւանքները նվազագույն ազդեցություն թողնեին. «Եթե երկիրը չունի նավթի եւ գազի մեծ պաշարներ` ՌԴ-ի, Ադրբեջանի կամ Արաբական երկրների նման, փորձում են որպես մոդել վերցնել հենց շինարարությունը` այն զարգացնելով փորձելով մուլտիպլիկատիվ էֆեկտ թողնել շինարարությանը կից տարբեր ոլորտները: Դա հանգեցնում է կենսամակարդակի բարձրացման, պահանջարկի ձեւավորման, մարդիկ սկսում են շատ սպառել` այլ բիզնեսներում առաջացնելով աշխուժացում: Բայց ինչ կատարվեց Հայաստանում: Երբ 2009-ին, բոլորը զգուշացնում էին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է ազդել նաեւ Հայաստանի վրա, որ պետք է շինարարական աճի մեծ տեմպերի հաշվին բարենպաստ պայմաններ ստեղծել այլ ոլորտների վրա, Տիգրան Սարգսյանն ասաց` ոչ, հակառակը,մենք պետք է խստացնենք բիզնեսի հանդեպ վերաբերմունքը, պայքարենք ստվերային տնտեսության դեմ, կբարձրացնենք աշխատավարձերն ու թոշակները` առաջ կբերենք պահանջարկ, որն էլ իր հերթին նոր պահանջարկ կառաջացնի բիզնեսի մյուս ոլորտներում: Մենք հակադարձում էինք, որ այդպիսով բիզնեսների վիճակն ավելի կվատթարանա ու ֆինանսական ճգնաժամը երբ խփի շինարարական ոլորտին` մուլտիպլիկացիոն էֆեկտով կազդի այլ ոլորտների վրա ու բիզնեսները կմեռնեն: Ինքն ասում էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի գալու Հայաստան, որպեսզի բիզնեսի նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք չդրսեւորի: Մինչդեռ այդ ճանապարհով էին գնում բոլոր եվրոպական երկրները, ԱՊՀ երկրները հիմնականում»:

Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում, ըստ Երվանդ Բոզոյանի, 2009 թվականից Հայաստանը միանգամից երկու հարցված ստացավ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածը, որի արդյունքում շինարարությունը կրճատվեց, դրսի տրանսվերները նվազեցին, մեր հումքի ակտիվներն ընկան միջազգային շուկաներում: Դրան գումարվեց` վարչապետի կոշտ քաղաքականությունը, ինչը հանգեցրեց պաշտոնական 14,4 տոկոսանոց անկման, որը աշխարհում երկրորդն էր` Լատվիայից հետո: Բայց, մեր զրուցակցի համար սենսացիա էր այն, որ իր վերջին պարզաբանման  մեջ Տիգրան Սարգսյանն ամրագրել է 18,5 տոկոսանոց տնտեսական անկում. «Նա խոստովանում է, որ 18,5 տոկոս տնտեսական անկմամբ, Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում: Հասկանալի է, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է մեր երկրի վրա. Դա գործի 50 տոկոսն է,բայց մյուս 50 տոկոսը Տիգրան Սարգսյանի կոշտ քաղաքականությունն էր հայաստանյան բիզնեսի նկատմամբ: Արդյունքում,ստացվեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը աշխարհում թիրախ հենց միայն Հայաստանին էր ընտրել: Հիմա, բոլոր մինուսները ինքը փորձում է պայմանավորել հենց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով, ինչը կոռեկտ չէ մարդու համար, ով ասում էր, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը: Իր վարած քաղաքականության արդյունքում, երբ ավելի քան 50 հազար փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտներ փակվեցին, միայն վերջին անմեղսունակները կարող են հավատալ իր ասածներին»:

Դիտարկմանը` փաստորեն, իրավացի է Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է, որ Տիգրան Սարգսյանն անհույս է, Երվանդ Բոզոյանն արձագանքեց. «Եթե ինչ որ մեկը հույս ունի, որ այդ մարդը կարող է փոխվել, նա գոնե իր սխալները պետք է ընդունի: Եթե դա չի անում ու բոլոր խնդիրները պայմանավորում է օբյեկտիվ պատճառներով` ինչի մասին կարելի է խոսել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ամեն պոչի գլուխ է, ամեն գլխից պոչ…
    Բոշացեղի մաֆիան է ճահիճ, ճահճահոտ…
    Բոշեն բոշին կխոթի. ինչ էլ որ լինի,
    Էս մարիոնետ թատրոնից, ուրիշ ո*վ ունի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031