Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանը մերժեց Վարդան Պետոսյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ կապված: Դռնփակ դատական նիստը ավարտվել է: «Դատավորը իր որոշման մեջ ոչ մի ձեւով չի հերքել պաշտպանական կողմի հրապարակայնորեն ասվածը՝ քննիչի միջնորդությունը copy- paste անելու երեւույթը: Այն իր արտահայտությունն էր գտել նաեւ դատարանի նույնաբովանդակ որոշման մեջ: Միայն տեխնիկական վրիպակները բավարար էին ինքնաբացարկի միջնորդության հարցը լուծելու համար»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունը շուտով կմտնի ավարտական փուլ և առաջիկայում գործի նյութերը կներկայացվեն կողմերին ծանոթանալու համար: Մինչ այդ` տուժող կողմը վստահ է, թե «նախաքննությամբ Վարդան Պետրոսյանի մեղքն ապացուցված է և դատաքննությունն էլ դա կապացուցի»:
Նախաքննության ընթացքում տուժող կողմի համար անհասկանալի է մնացել՝ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը այդպես էլ ցուցմունք չտվեց, «թեպետ նրա առողջական վիճակը ներում էր ցուցմունք տալու համար»: Այս գործով տուժողների իրավահաջորդների և մյուս տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պատահական չի համարում Վարդան Պետրոսյանի՝ ցուցմունք չտալու տակտիկան:
«Այսօր որևէ խոչընդոտ չեմ տեսնում Վարդան Պետրոսյանի ցուցմունք տալու համար: Սակայն պաշտպանական կողմը այլ տակտիկա է ընտրել՝ նրանք կծանոթանան ողջ նյութերին և միայն այդ ժամանակ Պետրոսյանը կփորձի իր համար բարենպաստ ցուցմունք տալ արդեն դատարանում, քանի որ իրեն արդեն հայտնի կլինի գործում առկա բազմաթիվ հանգամանքներ: Եթե հիմա ցուցմունք տա, ապա Վարդան Պետրոսյանը կարող է տվյալներ հայտնել, որոնք կհակասեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներին: Այսինքն պաշտպանական կողմի տակտիկան է սա, որ ճիշտ ցուցմունք տա, անթերի, որը հետագայում դատարանում կմատուցվի որպես իրականություն: Եթե մինչև գործի նյութերը տրամադրելը Վարդան Պետրոսյանը ցուցմունք չտվեց, գործի նյութերը ստանալուց հետո կորոշեն՝ ինչպես ցուցմունք տալ, որ ճիշտ պաշտպանվեն: Ես գտնում եմ, որ այդ ցուցմունքները արժանահավատ չեն կարող լինել: Անարդար տակտիկա է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը վստահ է՝ ուշ, թե շուտ Վարդան Պետրոսյանը ընդունելու է իր մեղքը. «եթե հիմա չընդունեց, ապա դատաքննության ժամանակ կընդունի»:
«Տուժող կողմի վիշտը թեթևացնելու առումով ավելի ճիշտ կլիներ հիմա ընդուներ մեղքը և ոչ թե դատաքննության փուլում՝ ապացույցների ճնշման ներքո: Սրա մեջ կա բարոյական կողմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված անօրինականություններին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում էր պաշտպանական կողմը, ապա, Ռուբեն Բալոյանի խոսքով` ապօրինություններ չեն եղել:
«Այս թեման պետք չէ մեկ այլ հարթություն տեղափոխել, քաղաքականացնել, ի վերջո Վարդան Պետրոսյանը կատարել է հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսվում՝ 4-10 տարի ազատազրկում: Նման բնույթի հանցագործություն կատարած անձանց գրեթե 99 տոկոսը գտնվում է կալանքի տակ: Չեմ ուզում որևէ առավելություն տրվի այդ անձանցից որևէ մեկին, կապ չունի՝ նա հանրության կողմից սիրվա՞ծ է, թե՞ ոչ», -նշեց Ռուբեն Բալոյանը: