Այդպես է կոչվում, ինչպես հիշում եք, 2003-ին էկրան բարձրացած Սոֆիա Կոպոլայի կինոնկարը: Թեման ոչ միայն ճապոներենից անգլերեն թարգմանելու դժվարությունների մասին է, այլեւ ընդհանրապես, մարդկանց՝ իրար հետ հաղորդակցվելու, իրար հասկանալու խոչընդոտների մասին:
Իրոք որ, եթե նույնիսկ մարդիկ խոսում են «նույն լեզվով» (ենթադրենք, հայերեն), նրանք կարող են իրար չհասկանալ՝ մասնավորապես, այն պատճառով, որ պատկանում են մշակութային տարբեր շերտերի: Երեկ, օրինակ, մենք՝ 7-ամյա աղջիկս եւ ես, կինոթատրոնում փորձում էինք դիտել «Փոքրիկ զորավորը» ֆիլմը (Օ. Հենրիի հանրահայտ «The Ransom of Red Chief» պատմվածքի ժամանակակից հայկական «ռիմեյքը», հայտնի է նաեւ խորհրդային 1962 թվականի, Լ.Գայդայի հրաշալի էկրանային մարմնավորումը): Բայց 15 րոպեից ավելի չկարողացանք նայել, որովհետեւ չհասկացանք, թե հատկապես ինչն էր այնտեղ ծիծաղելի: Սակայն մարդաշատ դահլիճում մարդիկ ծիծաղում էին՝ ուրեմն այդ ֆիլմի եւ այդ հումորի «լեզուն» հանդիսատեսին հասկանալի էր:
Երբ մենք «թարգմանում ենք» որեւէ «տեքստ» (որը կարող է շարադրված լինել ոչ միայն բառերով), զգայարանների կողմից ընկալվող կերպարները փորձում ենք «ադապտացնել» մեր պատկերացումների, մեր փորձի շրջանակներում: Հայտնի դեպք է. 1950-ականների սկզբին ազգությամբ չինացի գիտնականներն ամերիկյան «միջին Արեւմուտքում» ինչ-որ պեղումներ էին անցկացնում: Գավառական քաղաքի բնակիչները դիմեցին իրավապահներին՝ կասկածելով, որ ճապոնական լրտեսները հրթիռային բազաներ են փնտրում: Պարզ է. մարդիկ իրենց կյանքի ընթացքում շատ քիչ ճապոնացիներ եւ չինացիներ էին տեսել, իրարից չէին տարբերում, հնագետների գործիքները ընկալել էին որպես լրտեսական սարքեր, իսկ հետպատերազմյան քարոզչությունը նրանց համոզել էր, որ ճապոնական արտաքինով մարդիկ թշնամիներ են:
«Սխալ թարգմանության» մեկ այլ օրինակ: Ենթադրենք, ես գրում եմ. «Մեկ ամիս է՝ Երեւանում ցուրտ եղանակ է»: Կա ընթերցողների մի խումբ, որը դա մեկնաբանում է հետեւյալ կերպ՝ «Ուրեմն, դուք կո՞ղմ եք, որ Սերժի իշխանությունը հավերժ տեւի», եւ այդ հարց-կշտամբանքը, տարբեր ձեւակերպումներով, տեղադրում են մեր կայքի մեկնաբանությունների բաժնում: Որովհետեւ հենց դա՛ է հուզում այդ ընթերցողներին, դա՛ են նրանք ուզում կարդալ բոլոր տեքստերում:
Հետեւաբար, լայն իմաստով թարգմանությունը որեւէ տեքստի փոխադրումն է սեփական ընկալումների, գիտելիքների, հաճախ կարծրատիպերի, երբեմն նաեւ՝ մտասեւեռումների շրջանակներում: Բնականաբար, լավ հասկանալը եւ թարգմանելը ենթադրում է փորձի, մտահորիզոնի մշտական ընդլայնում, կարծրատիպերի հաղթահարում: Եթե ես իմանամ, թե ինչով են ապրում սուտ գողականները, ես կհասկանամ «Փոքրիկ զորավարը» ֆիլմի իմաստը: Եթե 50-ականների գավառացի ամերիկացիները տեղյակ լինեին, թե ինչպես են աշխատում հնագետները, նրանք չէին կասկածի արշավախմբին լրտեսության մեջ: Եթե «Առավոտի» վերոհիշյալ ընթերցողները իմանան, որ բացի «Սերժի իշխանությունից» Հայաստանում եւ աշխարհում շատ ավելի հետաքրքիր ու կարեւոր բաներ կան, նրանք ավելի լավ կհասկանային իմ գրածները:
Մեր՝ հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ուներ եւ ունի թարգմանությունը՝ պատահական չէ, որ մենք Թարգմանչաց տոն ունենք: Թարգմանություն՝ բառիս նեղ եւ լայն իմաստներով: Այսինքն` քննադատաբար յուրացնել օտար տեքստերը (կրկնեմ, ոչ միայն բառային) եւ տեղավորել դրանք մեր մտածողության, մեր լեզվական եւ մշակութային իրողությունների մեջ: Դրա մասին խոսակցությունը կշարունակենք մեկ շաբաթ անց, հաջորդ վերլուծությունում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիպուկ էր ասված մեկնաբանությունների վերաբերյալ: Եթե որևէ դրական ակնարկ է կատարվում Հայաստանի վերաբերյալ, գրողին մեղադրում են սերժական լինելու մեջ, քննադատում է Պուտինին՝ արևմուտքի շպիոն է…
Տխուր է, որ մեր հասարակությունը Սերժի քաղաքականությունից ու արտագաղթի հեռանկարներից բացի ոչնչով չի հետաքրքրվում:
Առաջընթաց քայլ։ Մարդը, որը նկատել է, որ ինքը ուրշների կողմից ընկալվում է նրանց կարծրատիպերով, հնարավոր է, որ երբևէ ընդունի, որ ինքն էլ այլոց ընկալում է իր կարծրատիպերով…
Չնայած, հոդվածը կարդալուց հետո, ես հասկացա, որ դուք ուզում եք, որ Սերժի իշխանությունը հավերժ տևի …))))…
Լաւ թարգմանելու համար հարկ է նաեւ լաւ իմանալ քու իսկ լեզուն
եւ ընթերցողին չպարտադրել ձեր “ադապտացնել”ը, փոխանակ
“պատշաճեցնել”ին, եւ մասամբ նորին։ Այլապէս ձեր “տեկստերը”
-իմա՛ գրութիւնները- շատ դիպուկ հարցեր կ՚առաջարկեն մեզի։
Շարունակեցէք, մի քիչ աւելի հայաբանելով։
Իհարկե,լեզվանան չեմ, բայց Ձեր առաջարկած երկու հայաբանություններն ինձ արհեստական, ոչ բնական են թվում։ Հատկապես եթե մենք, օրինակ, «պայմանագրի տեքստի» փոխարեն գրենք «պայմանագրի գրությունը»։ Ո՞վ կհասկանա թե ինչի մասին է խոսքը։