Հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա և գնաց:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն և նրան պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, ինչպես և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:
Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ոստիկանություն