Երեկ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որը Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մատակարարներից մեկն է հանրապետությունում, ամփոփեց իր սաների՝ անցած տարվա ցույց տված մարզական արդյունքները:
Հուրախություն մարզական-ուսումնական այս հաստատության տնօրինության, 2013 թվականին քոլեջը ներկայացնող մարզիկներն այնքան հաջող են հանդես եկել միջազգային ասպարեզներում, որ ղեկավարությունը հարկադրված է եղել ավանդական տասնյակի փոխարեն մարզական կրթօջախի գավաթներով եւ պատվոգրերով պարգեւատրել 11 հոգու: Նրանք են. Կարեն Ասլանյան՝ հ/հ ըմբշամարտ, Վաչիկ Եղիազարյան՝ հ/հ ըմբշամարտ, Լեւոն Աղասյան՝ աթլետիկա, Մաքսիմ Մանուկյան՝ հ/հ ըմբշամարտ, Անդրանիկ Չափարյան՝ ձյուդո, Սլավիկ Գալստյան՝ հ/հ ըմբշամարտ, Արմեն Մելիքյան՝ հ/հ ըմբշամարտ, Տիգրան Մնացականյան՝ ազատ ըմբշամարտ, Վարդան Քոսյան՝ բռնցքամարտ, Սարգիս Կիրակոսյան՝ ծանրամարտ, Սոնա Պողոսյան՝ ծանրամարտ:
Գավաթներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ քոլեջի մարզիչները, մանկավարժները, տեխնիկական սպասարկման անձնակազմի աշխատակիցները:
Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, նախարարության աշխատակիցներ, մարզական գերատեսչությունների ղեկավարներ, որոնց՝ տարվա ընթացքում կատարած գործունեությունը նույնպես գնահատվեց ըստ արժանվույն:
Կարդացեք նաև
Ողջունելով քոլեջի աշխատակազմին ու բոլոր ներկաներին՝ Յուրի Վարդանյանը շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, 2014 թվականին մաղթեց նորանոր մարզական ձեռքբերումներ եւ արձանագրված մարզական արդյունքների բազմապատկում: Նախարարի խոսքերով դա հնարավոր է, բոլոր նախադրյալները կան, եթե բոլորը համախմբվեն նախարարության շուրջ եւ աշխատեն միասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ