ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինն ամփոփել է 2013թ.-ին մարզում արձանագրված անտառխախտման, որսագողության եւ շրջակա միջավայրին հասցված մյուս վնասները:
2013թ-ին ընդհանուր առմամբ վարչական որոշումներ են կայացվել 20 անձանց նկատմամբ: Միայն բուսական աշխարհին հասցված վնասի համար՝ 15 անձանց նկատմամբ կիրառվել է 420 հազար դրամ վարչական տուգանք: Որսի կանոնները խախտած մեկ անձ տուգանվել է 70 հազար դրամ գումարով, իսկ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սխալ ներկայացրած տեսչության կողմից հսկվող ընկերություններից 2 աշխատակից ընդհանուր 100 հազար դրամի վարչական տուգանքի են ենթարկվել: «Հողերի խախտումների համար 200 հազար դրամ ընդհանուր գումարով 2 անձ ենթարկվել է վարչական տուգանքի: Ձկնային պաշարին հասցված վնասը ընդհանուր կազմել է 543 հազար դրամ, որից 445 հազար դրամի խախտում արձանագրվել է Սիսիանի տարածաշրջանում (ձկնագողության դեպք), իսկ մնացածը՝ Ողջի գետի ձկնային պաշարին հասցված վնասն էր», -ասաց Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:
2012թ-ի համեմատ 2013 թվականին նվազել է ապօրինի ծառահատման դեպքերը՝ 21 դեպքից հասնելով 15-ի: Զրուցակցիս անտառախախտման դեպքերի նվազումը պայմանավորում է մարդկանց ինքնագիտակցության բարձրացման եւ բնակիչներին 8 խ.մ անվճար թափուկի տրամադրմամբ: Հիմնական անտառխախտումներն արձանագրվել են գյուղական վայրերի հարակից անտառներում, որտեղից բնակիչները ձմեռվա վառելափայտի պաշարն էին փորձում դիզել: Ինչպես մեր բազմաթիվ հրապարակումներում տեղեկացրել ենք՝ գյուղացիները ձմռան շեմին միշտ վառելափայտի հայթայթման մեծ խնդրի առջեւ են կանգնում. գյուղերը գազաֆիկացված չեն, տրամադրվող անվճար թափուկը բավական չէ ձմեռը տաքանալու համար, իսկ օրինական ճանապարհով վաճառվող վառելափայտն էլ թանկ է եւ գյուղացու գրպանին մատչելի չէ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ