Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսոպաթոլոգ. սեռավարակները կարող են ախտանիշներ չունենալ. Aroxj.am

Հունվար 12,2014 18:11

Aroxj.amը  զրուցել է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ սեռավարակների տեսակների,  Հայաստանում դրանց տարածվածության,  ախտանիշների, հնարավոր հետևանքների  մասին:

Aroxj.am-Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և, հատկապես, որոնք են ավելի հաճախ հանդիպում Հայաստանում

Վրեժ Շահրամանյան-Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի` «դասական», «նոր» հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: «Դասական» հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդներելելլան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը եւ այլն: Ժամանակակից վիճակագրությանն այնքան էլ պարզ չէ սեռավարակներով տառապողների իսկական թիվը, իսկ դրա պատճառները մի քանիսն են. մարդիկ հաճախ բժշկի չեն դիմում, որովհետեւ չգիտեն իրենց հիվանդության մասին: Եթե սիֆիլիսի ու գոնորեայի ախտանիշներին ծանոթ են հնուց եւ, վախենալով այդ հիվանդություններից, բուժվում են, ապա «նոր» վեներական հիվանդությունները, ինչպիսիք են` քլամիդիոզը, տրիխոմոնոզը, գարդներելոզը, շատերը նույնիսկ չեն էլ կասկածում: Այս վարակներն ընթանում են առանց որևէ ախտանիշի, հատկապես կանանց դեպքում: Բացի այդ, վեներական հիվանդությունները վտանգավոր են այնքանով, որ հնարավոր է՝ փոխանցվեն դեռեւս ներարգանդային կյանքում կամ մայրական կաթի միջոցով:

Aroxj.am-Ի՞նչ հետևանքներ կարող են լինել սեռավարակը չբուժելու դեպքում:

Վրեժ Շահրամանյան –Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած այս կամ այն հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետեւանքների: Օրինակ, քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ եւս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի: Հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ դրանք կարող են փոխանցվել երեխային` առաջացնելով նորածնի մոտ աչքերի բորբոքային հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ, օտիտ եւ այլն: Այնպիսի սեռավարակը, ինչպիսին մարդու պապիլոմայի վիրուսն է, կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ: Լյարդի քաղցկեղի բուն պատճառ է համարվում հեպատիտ B-ն: Հերպեսի վիրուսը ներարգանդային կյանքում առաջացնում է շատ ախտաբանական երեւույթներ:

Aroxj.am-Տարիքային ո՞ր շրջանում են  ավելի շատ հանդիպում սեռավարակները:

Վրեժ Շահրամանյան –Սեռավարակների սրման տարիքը համարվում է 25 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք 6 անգամ ավելի քիչ են պահպանակներ օգտագործում եւ 5 անգամ ավելի քիչ են ստուգվում, քան երիտասարդները, չնայած նրանց վարակվելու հավանականությունը հավասար է: Զուգընկերը կարող է հանդիսանալ պոտենցիալ վարակակիր, եթե թմրադեղեր է օգտագործում, եթե նրա աշխատանքը կապված է արյան հետ (բուժքույրերն ու բժիշկները): Պոտենցիալ վտանգավոր են մարդիկ, որոնց մոտ հեմոդիալիզ կամ արյան փոխներարկում են իրականացրել: Վտանգավոր են նաեւ դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է անփույթ սեռական կյանք: Երբեմն նույնիսկ անալիզների արդյունքները ոչ մի սեռավարակի մասին չեն ասում, բայց դա ոչինչ չի նշանակում,որովհետեւ ցանկացած վարակ ունի իր գաղտնի շրջանը: Հատկապես տղամարդկանց արտաքին տեսքից հաճախ չի էլ երեւում այս կամ այն հիվանդությունը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031