Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ ՀՀ քաղաքացիներին

Հունվար 12,2014 14:18

Ինչն է պատճառը, որ չենք կարողանում դուրս գալ այս ճահճից: Միշտ պայքարում ենք հետևանքների դեմ, իսկ ծնող պատճառները մնում են` օրեցօր ավելացնելով նորանոր բացասական հետևանքներ:

Ճիշտ է, ձևավորվում են քաղաքացիական խմբեր, այդ հետևանքների դեմ պայքարելու համար. կարելի է ասել, որ այդ բացասական հետևանքները նպաստում են քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Բայց կա շատ կարևոր հանգամանք, այսօրվա «հետևանքները» ածանցյալ են փտած քաղաքական համակարգից: Իսկ քաղաքական համակարգի օրակարգը ձևավորում են կուսակցությունները: Ինչքան էլ կայանա և հզորանա քաղաքացիական հասարակությունը, միևնույն է, քաղաքականությունը ձևավորում են կուսակցությունները:

Իսկ ինչ է կատարվում այսօր. մեր գրեթե բոլոր կուսակցություններն օրեցօր ապրում են դեգրադացիա: Այսօր հասարակության մեջ  կուսակցական լինելը գրեթե հավասարված է ինչ- որ աղանդի ներկայացուցիչ լինելուն: Ամենուրեք կարելի է լսել. «Չքաղաքականացնել պայքարը: Կուսակցությունները ախք են, կուսակցականները՝ նույնպես: Իրենք ունեն իրենց շահերը: Թող հեռու մնան մեզանից և այլն»: Մեջբերեցի միայն մեղմ արտահայտությունները:

Բայց ցավով պետք է նշեմ, որ այս տրամադրությունները ճշգրիտ արտացոլում են մեր այսօրվա քաղաքական դաշտը և նրա հենասյուներ հանդիսացող կուսակցությունները:

Այսօր Հայաստանում գրեթե ցանկացած կուսակցություն երկրի փոքր մոդելն է: Բոլորն ունեն  բրգաձև կառավարման լճացած համակարգ: Այդիսկ պատճառով քաղաքական համակարգը բուժելու համար առաջնային խնդիրը պետք լինի կուսակցություններին բուժելը:

Հիմա մեծ հարց. բայց ինչպե՞ս: Ինչպե՞ս առողջացնել կուսակցությունները:

Ճանապարհը մեկն է` առողջացնել կուսակցությունների  ներքին մրցակցությունը: Ժողովրդավարության հիմքերը ներարկել կուսակցությունների մեջ: Այդ վակցինան պետք է լինի պարտադիր բոլոր կուսակցությունների համար: Վակցինայի տեսակներ շատ կան աշխարհում: Ներկայացնեմ նրանցից մեկը. մոտ տաս տարի առաջ Վարդան Պողոսյանի և «առաջվա» Հրայր Թովմասյանի կողմից մշակվել էր   մի օրենսդրական մոդել, որը լուծում է այդ առողջացման խնդիրը: Մոդելը հակիրճ նկարագրված է այստեղ:

Մոդելի կիրառման դեպքում իրոք կունենանք քաղաքական գործիչների ռոտացիա, որը կբերի քաղաքական դաշտի առողջացմանը: Իսկ իրենց անփոխարինելի համարող քաղաքական գործիչները  շատ արագ կզտվեն:

ՀՀ քաղաքական դաշտում պետք են նոր մարդիկ, նոր մտածելակերպ:

Հարգանքներով՝ Գրիգորի Դոխոյան

P.S. Իսկ այժմ կոչ եմ անում բոլորին հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ին, գալ Ազատության հրապարակ պայքարելու պարտադիր կուտակային կենսաթոշակային թալանի դեմ: Եվ համոզված եմ, որ կզգաք նոր մարդկանց և նոր մտածելակերպի շունչը Ազատության հրապարակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031