Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպեց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հունվար 12,2014 10:37

DSC_0035Երեկ՝ հունվարի 11-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների և բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով և ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ով ներկա երիտասարդության անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսքով դիմեց երիտասարդներին` նշելով, որ նրանց բազմաքանակ ներկայությունը Մայր Աթոռում նոր լիցք ու զգացումներ է հաղորդում բոլորին` շարունակելու իրենց աստվածահաճո կյանքը և կերտելու հայ ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան:

Միջոցառումը հոգևոր ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով զարդարեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

Ապա երիտասարդներին իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մաղթեց, որ 2014 թվականը երիտասարդների համար լինի ուրախության, բերկրանքի ու հաջողությունների տարի: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Աստծո օրհնությունն ունենալով` երիտասարդները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի նոր տարին լինի օրհնության տարի ինչպես յուրաքանչյուր հայ անհատի, այնպես և ամբողջ հայ ազգի ու մարդկության համար: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եկեղեցու կողմից տարվող աշխատանքներին, Ցեղասպանության զոհերի սրբադասմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությանը, Եկեղեցու քարոզչական գործունեությանը, սիրիահայ համայնքի ներկա կացությանը և սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը, բանակում իրականացվող հոգևոր սպասավորությանը և եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031