ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դժվարանում է ասել՝ ինչպե՞ս պետք է պայքարել «ինչ կայֆեր կուզեմ, կանեմ: Փաթթած ունեմ սաղին» ասող պատգամավորների դեմ: Նրա խոսքով՝ նման վարքագիծ ունեցող պատգամավորներ միշտ եղել են, կան ու կլինեն:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը news.am-ին ասել էր, որ ինչ կայֆեր կուզի, կանի, սաղին փաթթած ունի:
«Ռուս ընկերներս ասում էին «дурак и в Африке дурак»: Այսինքն՝ կարեւոր չէ Եվրոպայում ես, թե՝ Աֆրիկայում, եթե դա քո էությունն է, կարող ես դրսեւորել փողոցում, նախագահ կամ պատգամավոր եղած ժամանակ»,- ասաց պարոն Հայրիկյանը:
Նա ասաց, որ իր համար անընդունելի է պատգամավորի նման վարքագիծը, ապա պատմեց, որ տարիներ առաջ, երբ ինքն էր պատգամավոր, իր կողքին կանգնած պատգամավորին հայհոյող մեկ այլ պատգամավորի վրա դեզոդոռ է փչել՝ ոստիկան կանչելու փոխարեն. «Մեկը հայհոյում էր կողքիս կանգնած պատգամավորին, ասացի՝ չի կարելի, ասաց՝ դու ո՞վ ես: Ես փչեցի: Այն տպավորությունը ստացավ, որ քիմիական ինչ-որ բան էր, հետո բողոքել էր, ինձ կանչեցին, ես ասացի՝ իրոք փչել եմ, բայց ինչ անեի, հո ոստիկան չէի կանչելու»:
Կարդացեք նաև
Պարոն Հայրիկյանը այս պատմության մասնակից պատգամավորների անունները չցանկացավ նշել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ