Pastinfo.am. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Կարեն Ստեփանյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զ. Զաքինյանի նախագահությամբ՝ 2013թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ նրանց նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը՝ վերացվել:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Ստեփանյանը 2012թ. հոկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, իսկ Մկրտիչ Հովհաննիսյանը 2012թ. նոյեմբերի կեսին՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում նույն անչափահասի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նրա հետ ունեցել են սեռական հարաբերություն:
Գործի դատաքննությամբ դատարանը, սակայն, հաստատված է համարել, որ գործով ամբաստանյալ, 26-ամյա ամուրի Կարեն Ստեփանյանը 2012թ. սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է գործով տուժող անչափահասի հետ, ով այդ ժամանակ սովորում էր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանում:Որոշ ժամանակ անց նրանք որոշել են հանդիպել և 2012թ. հոկտեմբեր ամսին, գիշերը՝ ժամի 02:00-ի սահմաններում, հանդիպել են աղջկա տատի տան մոտ: Նրանք սկսել են հաճախակի հանդիպել, շփվել հեռախոսով և մտերմացել են: Այնուհետև որոշել են ամուսնանալ, երբ աղջիկը դպրոցն ավարտի:
Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հաղարծին է վերադարձել Կարենի ընկերը` գործով մյուս ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը, որի հետ Կարենը ծանոթացրել է աղջկան, սակայն նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կարենն ու անչափահասն ունեցել են սեռական հարաբերություն, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Վախենալով, որ Կարենն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է, աղջիկը 2013թ. հունվարի 30-ին իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե իբր 2012թ. հոկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կարենը` դանակի սպառնալիքով, իսկ հոկտեմբերի 2-րդ կեսին, նույնպես գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում Մկրտիչ Հովհաննիսյանը, դարձյալ դանակի սպառնալիքով` տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
Աղջկա ծնողների պահանջով՝ իրենք և Կարենի ծնողները հանդիպել են իրար` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել և աղջիկը ծնողների հետ որոշել է, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: