Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության ուղենիշները քրեական քաղաքականության իրականացման գործընթացում

Հունվար 11,2014 17:01

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի հունվարի 11 –ին հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություն` գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և վարչական շրջանների, մարզերի, զինվորական դատախազության կենտրոնական մարմնի և կայազորների ղեկավար դատախազների, ՀՔԾ, ՊԵԿ, ԱԱԾ, ՊՆ և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների ղեկավար անձնակազմների մասնակցությամբ:

ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում հանցավորության դեմ պայքարում քրեական քաղաքականության բարելավման, արդյունավետության բարձրացման, աշխատանքների պատշաճ կատարման ու կազմակերպման մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, դատախազության գործունեության առաջնահերթ խնդիրներից համարելով.

  • Կաշառակերության և կոռուպցիոն երևույթների ցանկացած այլ դրսևորման բացառում քրեական վարույթի ցանկացած փուլում:
  • քննիչների և դատախազների մասնագիտական ունակությունների բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացում.
  • քաղաքացու սահմանադրաիրավական և քրեադատավարական իրավունքների  լիարժեք  և ամբողջական պաշտպանվածություն` նախաքննական մարմնի և հսկողություն իրականացնող դատախազի՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների բարեխիղճ ու մասնագիտական բարձր մակարդակի իրականացման շնորհիվ, անկախ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի պաշտպանությանը փաստաբանի ներգրավվածությունից կամ ոչ որակյալ իրավաբանական օգնության տրամադրումից:

 

«Իրավապահ մարմինների գործունեությունն առնչվում է մարդու իրավունքների Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են անձի ազատությունները, անձնական կյանքը, սեփականության իրավունքը և այլն: Հետևաբար, դատախազության և նախաքննական մարմինների գործողությունները կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում»,-ընդգծեց Գլխավոր դատախազը:

«Կաշառակերության կամ կոռուպցիոն որևէ այլ դրսևորում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, այս հարցում որևէ զիջում լինել չի կարող, խորհուրդ չեմ տա իմ այս խոսքերի ճշմարտացիությունը ստուգել սեփական փորձով»,-նշեց Գ. Կոստանյանը:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց վերոնշյալ խնդիրների լուծման և գործնական կիրառման ապահովման նպատակով կազմված  «Գլխավոր դատախազի հրամանի նախագիծը», որը կոնկրետ հանձնարարականներ է պարունակում  դեպքերի, պատահարների, հանցագործությունների հաշվառման, օպերատիվ-հետախուզական գործունեության և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ոլորտներում քննչական մարմինների և դատախազության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Քննարկման արդյունքում փաստաթղթում կներառվեն նաև  քննչական ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությունները:

Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ որևէ մեկը, անկախ հասարակության մեջ զբաղեցրած սոցիալական կարգավիճակից, երբևէ չէր ցանկանա, որ իր կամ իր զավակների ճակատագիրը որոշվեր անարդար, կոռումպացված կամ անգրագետ քննիչի կամ դատախազի կողմից:

ՀՀ գլխավոր դատախազը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ-մեկ անգամ շեշտեց հայտնի  ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ, քան մեկ անմեղ մարդ պատժվի»:

ՀՀ Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031