Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն կհրաժարվի՞ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հորդորներից

Հունվար 11,2014 15:22

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համոզմամբ՝
առաջիկա ամիսներին որպես հանրույթ դեռ շարունակելու ենք
անօգնական եւ խոցելի վիճակում լինել

– 2013-ի ավարտին տարածաշրջան այցելության ժամանակ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ԼՂՀ-ի վերադարձը բանակցային սեղանի շուրջ այլընտրանք չունի: Մինչ այժմ այս մասին բոլոր հայտարարություններն առավել զգուշավոր կամ վերապահումներով էին: Կարծում եք՝ 2014-ին ԼՂ խնդրի կարգավորումը հերթական ակտիվ փո՞ւլ կմտնի:

– Տարիներ է արդեն, որ ասվում է ԼՂՀ-ին բանակցային սեղանին վերադարձնելու անխուսափելի հեռանկարի մասին, սակայն պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ այդ վերադարձն ամենեւին չի նշանակելու, որ հակամարտության կարգավորման գործընթացն այլեւս խնդրահարույց չէ: Չի բացառվում, որ մի իրավիճակ կարող է ստեղծվել, երբ Արցախի համար միակ արժանապատիվ ելքը կլինի բանակցությունների սեղանին վերադառնալու վերաբերյալ միջնորդների, Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհանուր պահանջի մերժումը:

– Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու թեմայի շրջանակներում ակտիվորեն քննարկվեց ԼՂ հարցը, մասնավորաբար՝ մաքսակետի տեղադրման մասով: ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բավականին ուշագրավ հայտարարություն արեց: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ի՞նչ կարգավիճակ է ստանալու Լեռնային Ղարաբաղը, արդյոք այն նո՞ւյնպես միանալու է միությանը, թե՞ սահմանային անցակետ է դրվելու Հայաստանի ու ԼՂ-ի միջեւ հարցին ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ դա կախված է Հայաստանից. «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն խնդիրը հեշտ չէ ԼՂ կարգավիճակի պատճառով։ Հայաստանի առաջ է խնդիր դրված՝ այ, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, այդ ժամանակ էլ ԼՂ-ի անդամակցության հարցը կքննարկվի, եթե Հայաստանը չի ճանաչի, Ղարաբաղը Մաքսային միություն ընդգրկելը կլինի արդեն պրովոկացիոն քայլ մեր կողմից՝ ադրբեջանական կողմի նկատմամբ։ Ռուսաստանն այստեղ ռադիկալ դիրքորոշում ունի, որով եւ առաջնորդվում է այս տարիների ընթացքում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի»։ Դիտարկմանը՝ պատասխանից կարելի՞ է եզրակացնել, որ ամեն դեպքում երկու երկրների միջեւ սահմանային անցակետ է դրվելու, Վյաչեսլավ Կովալենկոն համոզմունք հայտնեց, թե հարցը երկուստեք գրագետ քննարկելու դեպքում կողմերը խնդրի շուրջ կգտնեն որոշում։ Ինչպե՞ս ընկալել այս դիրքորոշումը: ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն արկածախնդրության չի՞ հանգեցնի:

– Սկսենք այնտեղից, որ դեռ իրականում պարզ չէ, թե երբ եւ ինչ պայմաններով է Հայաստանն ինքը դառնալու ՄՄ լիիրավ անդամ: Պետք չէ, այնուամենայնիվ, բացառել, որ Հայաստանին կարող են փորձել պարտադրել մաքսակետեր տեղակայել Արցախի հետ սահմանագլխին՝ դա կախված կլինի ռուս-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր փոփոխություններից:
Անգամ տեղադրվելու պարագայում չեմ կարծում, որ այդ անցակետերը լիարժեքորեն կգործեն: Միաժամանակ՝ դրանց առկայությունն արցախյան իշխանությունների համար հիմնավոր առիթ կտա համապատասխան մաքսակետեր գործարկելու նաեւ Իրանի հետ սահմանային անցումներին: Ռուսաստանի տարածաշրջանային ու ռազմավարական շահերը պահանջում են, որ Հայաստանը դառնա ՄՄ անդամ, իսկ արեւմտյան հանրույթն, իր հերթին, արեց ամեն բան, որպեսզի Ռուսաստանի ցանկությունն իրականություն դառնա եւ դա ներկայացվի որպես առնվազն Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընդունված կամավոր որոշում, որի հիմքում ընկած է, ի թիվս այլ գործոնների, նաեւ հայաստանյան եւ ռուսաստանյան վերնախավերի աշխարհայացքային նույնականությունը: Սա ասում եմ, որպեսզի պատրանք չունենանք, թե այլ տարբերակ կար, բայց չօգտագործեցինք «ներքին թշնամու» խարդավանքների պատճառով:
Այժմ Կովալենկոյի ասածների մասին. «Ժառանգությունը» տարին երկու-երեք անգամ փորձում է ԱԺ-ի մակարդակում նրա այդ խորհրդին օրենքի ուժ հաղորդել, սակայն ես գտնում եմ, որ մենք ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի կարիքն ունենք, եթե ուզում ենք զուտ դիվանագիտական, քաղաքական ճանապարհով լուծել այդ հարցը: Այսինքն՝ այդ գործընթացը սկսելով՝ մենք, փաստորեն, կձեւավորենք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին զուգահեռ գործող պաշտոնական երկկողմ մի ձեւաչափ, որը թույլ կտա նոր հնչեղություն եւ պահանջված կշիռ հաղորդել նաեւ Արցախի քաղաքական, մարդասիրական, տնտեսական ու տարածքային պահանջներին:

– Տարածաշրջանային այս բարդ թնջուկում, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ մարտահրավերներ են Հայաստանին եւ ԼՂՀ-ին սպասվում: Ընդհանրապես՝ մարտահրավերներին դիմակայելու ռեսուրս դեռ ունե՞նք:

– Մարտահրավերները լուրջ են եւ կապված են լինելու առավելապես արտաքին գործոնների հետ: Մեր տարածաշրջանում աճելու է կոնֆլիկտայնության մակարդակը, եւ Հայաստանի ներքին թուլության պայմաններում սա խնդրահարույց գործընթաց է: Դիմակայելու ռեսուրսը կա, եւ այն փոքր չէ, սակայն կդրսեւորվի միայն այն դեպքում, եթե մեր հանրության տարբեր հատվածներ, որոնք այսօր թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ, փոխադարձ վստահությունը վերագտնելու ուղի հարթեն: Իրականում դա քաղաքական վերնախավի, իշխանության գործն է, սակայն ներկայումս ես չեմ տեսնում իշխանության կողմից այս խնդիրը լուծելու ցանկություն ու նվազագույն ունակություն անգամ: Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա ամիսներին մենք, որպես հանրույթ, լինելու ենք անօգնական ու խոցելի վիճակում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031