Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի գրությունը դիտվել է հրապարակային կատարված արտահայտություն

Հունվար 11,2014 15:14

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության անվտանգության դեպարտամենտի պետ Հրաչյա Հարությունյանը:

ՆԱ վիճարկում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նոյեմբերի 20-ի որոշումը, պահանջում է բեկանել այն, եւ ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության անվտանգության եւ վերահսկողության փոխտնօրեն Վարդան Բուռնազյանը 16.08.2012թ. հայցով դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հրաչյա Գրիգորի Հարությունյանի՝ պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ պատճառված 3 միլիոն 700 000 ՀՀ դրամի նյութական վնասի հատուցման պահանջներով:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գործն ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Շիրակի մարզի դատարանի անցյալ տարվա հուլիսի 15-ի վճռով հայցը մերժվել էր, իսկ վերաքննիչ դատարանում բավարավել էր բողոքաբեր հայցվոր Վարդան Բուռնազյանի ներկայացուցիչ՝ Խ.Օհանյանի բողոքը:

Վճռաբեկ բողոք բերած Հրաչյա Հարությունյանի գնահատմամբ, վերաքննիչ դատարանը «խորամուխ չի եղել գործի փաստական հանգամանքների մեջ, անտեսել է այն փաստը, որ դատարանի եզրահանգումը դիմումի ոչ հրապարակային լինելու վերաբերյալ հիմնավորված է դատական նիստերի ժամանակ ուսումնասիրված ապացույցների վրա, որոնք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին, եւ ամեն գնով ջանասիրաբար տենչացել է բավարարել վերաքննիչ բողոքը»:
Այս հետաքրքիր պատմությունը մի հարցի պատասխան պիտի տար. ինչպես է պատասխանողի էլեկտրոնային փոստով ուղարկված գրությունը հասու դարձել կողմին, եւ ինչու անիրազեկ կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի, եթե այն հասու է եղել միայն մեկ անձի:

Հրաչյա Հարությունյանն իր էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերություն, որը ստացել է ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը: Ըստ պատասխանողի դատարան ներկայացրած ապացույցի, այդ ստորաբաժանումը իրավասու էր «փակ ռեժիմով» ստուգել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները կոռուպցիայի եւ այլ իրավախախտումների վերաբերյալ: Ստորաբաժանումը բացառում էր դիմումների քննարկման հրապարակայնությունը:
Ըստ գործի նյութերի, Յու. Մորդվինցեւը Երեւանում գտնվելու ժամանակ, իր նախաձեռնությամբ զանգահարել է պատասխանողին, ներկայացել է որպես «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անվտանգության պատասխանատու աշխատակից եւ խնդրել է հանդիպել նրա հետ՝ Հարությունյանի դիմումի կապակցությամբ:
Հանդիպել են առանց երրորդ անձի ներկայության, զրուցել են առանց կողմնակի անձի, Հարությունյանը ստորագրել է Մորդվինցեւի կողմից ներկայացված դիմումի անստորագիր էլեկտրոնային տարբերակը՝ վերջինիս խնդրանքով: Մինչ այդ հանդիպումը, ինչպես հայտնել է Հրաչյա Հարությունյանը, ինքը չի ճանաչել Յու. Մորդվինցեւին:

Սակայն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Դ. Ս. Կուզնեցովը 2012 թվականի հուլիսի 18-ի «կոնֆիդենցիալ» դրոշմակնիքով գրությամբ դիմել է ՀԷՑ ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Գ. Ի. Մաքսիմովին՝ խնդրելով ստուգել դիմումում շարադրված տեղեկությունները եւ հայտնել ստուգման արդյունքների մասին: Անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Մաքսիմովը մակագրում է վերոնշյալը անվտանգության եւ վերահսկողության փոխտնօրեն Բուռնազյանին՝ պահանջելով բացատրություններ տալ դիմումում շարադրված փաստերի վերաբերյալ: Վ. Բուռնազյանի ենթակա անվտանգության եւ վերահսկողության աշխատակիցներից ստեղծվում է հանձնաժողով, որը դիմումը տրամադրել եւ իրազեկել է հայցվորի հետ փոխկապակցված կոնտրագենտներին, որոնք բացատրություններ են տվել իրենց մասով: Դիմումը նաեւ հայտնվել է ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի տրամադրության ներքո, որն էլ նույն պահանջով ու հիմքերով, հայցվոր Վ. Բուռնազյանի նման դիմում է դատարան:
Իր վճռաբեկ բողոքում բողոքաբեր Հր.Հարությունյանը բերում է մի շարք նախադեպային որոշումներ, անգամ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը նման գործերի կապակցությամբ.
«Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաեւ այն դեպքում, երբ երրորդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու եւ ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում»:

Այսինքն, տվյալ դեպքում, Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը հրապարակային չէ եւ հրապարակային կատարված արտահայտությունը բացակայում է:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշման մեջ նաեւ ընդգծում է.
«…նշված վավերապայմանների կամ դրանցից որեւէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետեւաբար նաեւ` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին»:

Այսինքն՝ միայն այս հանգամանքի ուժով բավական է, որպեսզի սույն գործով ներկայացված հայցադիմումը մերժվեր դատարանի կողմից, քանի որ բացակայում է երեք միաժամանակյա առկայության պայմաններում գործող պահանջներից մեկը` հրապարակայնությունը:

«Վերաքննիչ դատարանը չի ներկայացնում, թե երբ եւ որտեղ «զրպարտողը»՝ պատասխանող Հ. Հարությունյանը, «տուժողը»՝ հայցվոր Վ. Բուռնազյանը եւ Յու. Մորդվինցեւը միաժամանակ ձեւավորել են գործողության կամ տեղի ընդհանրությամբ միավորված խումբ, որտեղ Յու. Մորդվինցեւը «առնվազն մեկ երրորդ անձ» է, իսկ «զրպարտողը» հրապարակայնորեն անվանարկել է «տուժողին»: Կամ, առավել եւս` պատասխանող Հ. Հարությունյանի եւ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներկայացուցիչ` դիմումի հասցեատեր Յու. Մորդվինցեւի դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ինչպես կարելի է վերջինիս ներկայացնել որպես «երրորդ անձ», երբ դա բացառապես եղել է երկու անձի հանդիպում»,- նշել է վճռաբեկ բողոք բերած անձը:
Վերաքննիչ դատարանը, ըստ բողոքաբերի, չէր բացատրել նաեւ, թե Հարությունյանի կողմից «գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ բավարար միջոցներ ձեռնարկելու» եզրույթը տվյալ իրավիճակում որն էր, երբ էլեկտրոնային փոստի նամակագրության գաղտնիությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, երբ դիմումում շարադրված փաստերի ստուգումը գաղտնիության ռեժիմում երաշխավորված է եղել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության կողմից, պատասխանողի հետ Յու. Մորդվինցեւի հանդիպման ժամանակ երրորդ անձ չի եղել, դիմումատուի դիմումի մատչելիության սահմանափակումն ապահովելու պարտականությունն ու պատասխանատվությունը կրել է ՀԷՑ ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության տնօրեն Մաքսիմովը:
Բողոքաբերը տարօրինակ է համարում. «Ստացվում է, որ եթե ՀՀ քաղաքացին համարձակություն է ունեցել դիմում ներկայացնել, օրինակ, իրավապահ մարմիններից մեկի ղեկավարին կոռուպցիայի կամ իրավախախտման մասին փաստի ստուգման խնդրանքով, ապա այդ քաղաքացին ենթակա է պատասխանատվության Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, քանի որ նրա դիմումը դիտվում է կանխավ հրապարակային այն պատճառով, որ այդ դիմումի հետ առնչվել է առնվազն 4 մարդ` դիմումների ընդունման կամ ընդհանուր բաժնի աշխատակիցը, իրավապահ մարմնի պետի քարտուղարուհին, որը դիմումը փոխանցել է պետին, պետը, այն աշխատակիցը, որին հանձնարարվել է դիմումի ստուգումը: Առաջին հայացքից հիպոթետիկ թվացող այս օրինակը արտացոլում է սույն գործով ստեղծված իրավիճակը, որը ձեւավորվել է վերաքննիչ դատարանի որոշման շնորհիվ»:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի կողմից շարադրված ընկերությանը նյութական վնաս պատճառելու վերաբերյալ փաստերին, ինքը խնդրել է ստուգումներ անցկացնել եւ արդյունքների մասին իրեն տեղեկացնել, ինչն ուղղակի վկայում է անձին արատավորելու նպատակի եւ դիտավորության բացակայության մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031