Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թատերարվեստում արժանավոր չեն գտել

Հունվար 11,2014 15:04

Աժիոտաժ պետական մրցանակի առիթով

Ցանկացած մրցանակաբաշխությունից հետո բուռն քննարկումներ են սկսվում ոչ միայն երկրպագուների, այլեւ մասնագետների միջեւ: Անգամ այն աստիճան, որ, ասենք, արվեստի եւ մշակույթի այս կամ այն ոլորտում մրցանակի արժանացած նույն գործն արժանանում է ոլորտի մասնագետների քննադատությանը: Բայց, ինչպես ընդունված է ասել, հանձնախմբի որոշումը վերջնական է եւ բեկման ենթակա չէ: Բացառություն չէին նաեւ բառացիորեն 2014թ. շեմին գրականության եւ արվեստի բնագավառում հայտարարված ՀՀ պետական մրցանակների արժանացած աշխատանքների եւ հեղինակների անունները: Սոցցանցերում եղան տարբեր մեկնաբանություններ, օրինակ՝ գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Էդվարդ Միլիտոնյանի «Է» բանաստեղծությունների ժողովածուի, կինոարվեստի ոլորտում՝ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի, նույնիսկ ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում Արթուր Մեսչյանի՝ «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը եւ Մաշտոցի պողոտայից դեպի Մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար տրված պետական մրցանակների մասին: Եղան նաեւ մասնագետների ու երաժշտասերների միաձայն մեկնաբանություններ շնորհավորանքի ձեւով՝ երաժշտության ոլորտում Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործության համար:

«Առավոտի» տեղեկություններով, թատերարվեստի որոշ գործիչներ վրդովված էին իրենց ոլորտում թափուր մնացած մրցանակի կապակցությամբ: Ընդ որում՝ ներկայացված է եղել 7 ներկայացում, այդ թվում՝ Երեւանի պետական կոմեդիայի թատրոնի՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը, «Էլբակյան» թատրոնի՝ Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» բեմադրությունը, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի «Մայրը» մոնոներկայացումը, «Էլենը եւ ընկերները» թատերախմբի Տոմայի «Յոթ սիրագորով կանայք» կատակերգությունը եւ այլն: 9 հոգանոց հանձնախումբը (ռեժիսորներ Հրաչյա Աշուղյան, Ալբերտ Մկրտչյան, Նիկոլայ Ծատուրյան, Նարինե Մալյան, Արթուր Ղուկասյան, Արա Երնջակյան, արվեստաբան Էմանուել Մանուկյան, թատերագետ Արա Խզմալյան) գլխավորել է Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

Արվեստագետներից շատերը համոզված են, որ անհարմար էր թատերարվեստում չառանձնացնել գոնե մեկ աշխատանք: Մեզ հետ զրույցում նրանցից ոմանք հայտնեցին, թե ստեղծված այս իրավիճակում «մեղավորը» Արա Երնջակյանն է, ներկայացնելով, որ նա նիստին ներկա չի եղել՝ քաղաքապետարանում նույն օրը նույն ժամին ավագանու նիստին մասնակցելու պատճառով: Ներկայացված աշխատանքներից ամենաշատ ձայները՝ 4 ձայն, ստացել է Պարոնյան թատրոնի «Մորգանի խնամին» (ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյան): Արդյունքում ստացվել է 4 կողմ եւ 4 դեմ, այսինքն՝ անհրաժեշտ էր 1 որոշիչ ձայն: Մեզ հետ զրույցում պարոն Երնջակյանը հաստատեց, որ ինքը եղել է ավագանու նիստի եւ միայն հաջորդ օրն է ծրարով իր «ձայնը» հանձնել Անելկա Գրիգորյանին: «Հանձնախմբի անդամներիս չափանիշներն էին բարձր: Իսկ ո՞վ է ասում, որ պետք է անպայման մեկ գործ ստանար մրցանակ: Լինում է տարի, որ մի քանի լավ աշխատանքներ են ծնվում, լինում է, որ երաշտ տարի է լինում: Չեմ կարծում, որ իմ 1 ձայնը որոշիչ դեր խաղար»,- հավելեց պարոն Երնջակյանը: Մեր տեղեկությունների համաձայն՝ Երնջակյանի ծրարով «ձայնը» հանձնված է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:

Թատերարվեստի ոլորտի հաշվիչ հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար, թատերագետ Արա Խզմալյանն էլ մեզ փոխանցեց հետեւյալը. «Ողբերգություն չէ, որ ոչ մի ներկայացում մրցանակ չի ստացել: Ինձ համար կոնկրետ՝ մեր ոլորտի խնդիրը պայմանավորված չէ պետական մրցանակով: Որեւէ կանոնակարգային խախտում եւ տարակարծություն չի եղել: Համոզված եմ, որ պետք է վերանայել հայտերի վերանայման չափանիշները. 2 երաշխավորագիր բավարար չէ որեւէ գործ պետական մրցանակի ներկայացնելու համար: Անհրաժեշտ է հաշվի առնել, թե մինչ մրցանակի ներկայացնելը տվյալ ստեղծագործության առիթով քանի թատերախոսական է գրվել, քանի անգամ է այդ գործը խաղացվել եւ քանի հանդիսատես է ներկա եղել: Թե չէ՝ գործող կանոնադրության համաձայն ստացվում է, որ բոլոր պետական թատրոններն ու թատերախմբերը՝ անկախ ներկայացված աշխատանքի գեղարվեստական արժանիքներից, կարող են հավակնել երկրի ամենաբարձր մրցանակին»:
Հանձնաժողովի նախագահ Անելկա Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն, որ Արա Երնջակյանը նիստին չի մասնակցել, ընթացել է նորմալ քվեարկություն, պարզապես ոչ մի ներկայացում չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակ: «Մեկ տարին բազմադարյա մշակույթ ունեցող հայերիս համար ծանրակշիռ բան չէ, որ պարտադիր որեւէ գործ արժանանա մրցանակի: Թերթեք թատրոնի պատմության էջերն ու կտեսնեք, որ կոնկրետ թատերարվեստի ոլորտում, տեւական ժամանակահատված ընդամենը մի քանի անուններ են իրենց ուսերին առաջ տարել հայ թատրոնը»,- ասաց տիկին Գրիգորյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031