Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» արտառոց ոչինչ չի՞ կատարվում. «Հայոց աշխարհ»

Հունվար 11,2014 11:04

Մեր զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է

-1-2
ամիս առաջ բոլորի համար (այդ թվում՝ ձեզ համար) անսպասելիորեն Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից, տարեմուտին էլ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը անակնկալ մատուցեց հանրությանը՝ հայտարարելով մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞վ է պայմանավորված հրաժարականների այս «շքերթը»։
-Այն, որ երկու դեպքում էլ այդ հրաժարականները մեզ համար անակնկալ են եղել, արդեն վկայում է, որ դա կապ չունի կուսակցական խնդիրների հետ։ Եթե կուսակցության հետ կապված խնդիր լիներ, բնականաբար, ես տեղյակ կլինեի, վարչության անդամները տեղյակ կլինեին։ Այսինքն՝ կուսակցական խնդիրները երկու դեպքում էլ դեր չեն խաղացել՝ եղել են անձնական որոշումներ։
Այդ անձնական որոշումների վրա թե ինչ գործոններ են ազդել՝ չեմ կարող ասել. մեր գործընկերները ասում են, որ դրանք պայմանավորված են զուտ անձնական նկատառումներով, եւ մենք պարտավոր ենք հարգել նրանց որոշումը։
Այլ բան է, որ ոմանք խոշորացույցով են նայում «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցող իրադարձություններին, եւ տպավորություն է ստեղծվում, թե կուսակցության ներսում ինչ-որ առանձնահատուկ բան է կատարվում։ Հավատացնում եմ՝ արտառոց ոչինչ տեղի չի ունենում։ «Ժառանգությունում» խնդիրներ չկան։
Խնդիր կլիներ, եթե «Ժառանգությունը» իշխող մեծամասնություն լիներ, ներկուսակցական ինչ-ինչ խմորումների հետեւանքով տրոհվեր եւ այլն։ Բայց նման բան չկա, չի էլ կարող լինել։ Դրանք կուսակցության, կուսակցական կյանքի հետ կապ չունեցող անհատական որոշումներ են, որոնք, իհարկե, ինչ-որ չափով անդրադառնում են «Ժառանգության» վրա, բայց միանշանակ կարող եմ ասել, որ կուսակցությունում ամեն ինչ կարգին է։
   –Վստա՞հ եք, որ Ռ.Հակոբյանի հրաժարականը կապ չուներ Զարուհի Փոստանջյանի սկանդալային պահվածքի հետ, որին ականատես եղանք ե՛ւ ԵԽ ԽՎ հայտնի նիստում, ե՛ւ հայրենի խորհրդարանում։ 
-Կարծում եմ, սկանդալայինը մեր երկրում առկա իրավիճակներն են, ոչ թե Զ.Փոստանջյանի վարքագիծը։  Զ.Փոստանջյանի պահվածքը, ըստ էության, ընդամենը երկրում ստեղծված իրավիճակի համարժեք պատասխանն է, որովհետեւ երկրում ստեղծված իրավիճակն էլ սովորական, շարքային իրավիճակ չէ. անընդհատ գերլարված արտակարգ իրավիճակում ենք։
   –ԱԺ արտահերթ նիստից հետո Թեւան Պողոսյանը մասնակցել էր հաշվիչ հանձնաժողովի նիստին, անգամ պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը։ Այս համատեքստում որքանո՞վ համոզիչ է նրա պարզաբանումը, թե մանդատը վայր դնելու որոշումը վաղուց էր հասունացել՝ պարզապես հարմար պահի էր սպասում այդ մասին հայտարարելու համար։
-Երբեմն ինձ հարց են տալիս՝ արդյոք այդ որոշումը չի՞ ընդունվել իշխանությունների ճնշման ներքո։ Բայց քանի որ ինքը անձնապես ինձ այդ մասին որեւէ բան չի ասել, հակառակը, ասել է, որ դա իր անձնական որոշումն է, ես նման արձանագրում չեմ կարող անել։
Մի բան կարող եմ ասել՝ «Ժառանգություն» կուսակցության եւ խմբակցության հետ կապված՝ Թեւան Պողոսյանը խնդիր չի ունեցել։ Այն, որ իրեն վստահվել է այդ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը, արդեն իսկ ցույց է տալիս, որ նա ոչ միայն «Ժառանգության», այլեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ էլ խնդիրներ չի ունեցել։
Այսինքն՝ իր գործունեությունը ընդունելի է ընդդիմադիր դաշտի համար, ավելին՝ արժանացել է մեր դրական գնահատականին, եւ ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ երբ Թեւան Պողոսյանը պետք է դառնար պատգամավոր, որոշ շրջանակներում որոշակի թերահավատություն կար՝ Թեւան Պողոսյանը կարո՞ղ է «Ժառանգությանը» հարիր պատգամավորական գործունեություն ծավալել։
Պարզվեց, չէինք սխալվել՝ իր աշխատանքը անցած ժամանակահատվածում դրական է գնահատվել հատկապես փորձագիտական շրջանակների կողմից։ Սա է նաեւ պատճառը, որ մենք իրեն հորդորեցինք շարունակել պատգամավորական գործունեությունը, եւ հույս ունենք, որ Թեւան Պողոսյանը վայր չի դնի մանդատը։
Եթե, այնուամենայնիվ, Թ.Պողոսյանը պնդի իր հրաժարականը, ինչպե՞ս է լուծվելու թափուր մանդատը տնօրինելու թնջուկը, այն դեպքում, երբ ձեր համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ «ազատ դեմոկրատ» Մասիս Այվազյանը, կտրականապես հրաժարվում է հանել իր թեկնածությունը Ստեփան Սաֆարյանի օգտին։
-Գիտեք, որ խորհրդակցություն ենք հրավիրելու, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, կքննարկենք այդ հարցը։ Մինչ այդ պիտի կրկնեմ այն, ինչի մասին տարիներ շարունակ ասել եմ։ Խոսքը վերաբերում է համամասնական ցուցակի հետ կապված՝ հետկանչի մեխանիզմի ամրագրմանը։
Այն մարմինը, որը առաջարկում եւ հաստատում է կուսակցության համամասնական ցուցակը՝ վարչությունը, խորհուրդը կամ համագումարը, պետք է նաեւ հնարավորություն ունենա այդ անձանց հետ կանչելու։ Որովհետեւ, ի տարբերություն մեծամասնականի, որտեղ պատգամավորն ընտրվում է անմիջապես քաղաքացիների կողմից, այս դեպքում քաղաքացին իր ձայնը տալիս է կուսակցությանը՝ կուսակցության կողմից առաջադրված համամասնական ցուցակին եւ ծրագրին։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031